Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի

Axios-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է մինչև ձմեռ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դեէսկալացիայի հնարավորությունը և ավելի լայն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը։


«Ինձ մոտ այնպիսի զգացողություն կա, որ Պուտինին Թրամփն է պետք։ Նա չի ուզում նրան հիասթափեցնել», — ընդգծել է Զելենսկին։

Նա հայտարարել է, որ նույնիսկ եթե Պուտինը չցանկանա դեէսկալացիայի գնալ, Թրամփի վարչակազմը կարող է ճնշում գործադրել նրա վրա, որպեսզի նա դա անի։

Այն հարցին, թե արդյոք Պուտինը ցանկանում է ԱՄՆ ընտրություններից առաջ Թրամփին ապահովել դիվանագիտական հաղթանակ, Զելենսկին պատասխանել է. «Այո»։

Զելենսկին հայտարարել է, որ ամերիկացի բանագնացներից ստացել է հաղորդագրություն, ըստ որի՝ «ռուսները պատրաստ են բանակցությունների»։

Նա հավելել է, որ ամերիկացի բանագնացները Մոսկվա և Կիև ժամանել են առաջին հերթին դիվանագիտական գործընթացը «ապաշրջափակելու» համար, սակայն իրենց հետ բերել են նաև որոշ նոր գաղափարներ։ Զելենսկին հրաժարվել է բացահայտել բոլոր մանրամասները, բայց ասել է, որ քննարկումների մի մասը վերաբերում էր Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից մինչև ձմեռ և դրա ընթացքում դեէսկալացիայի հնարավոր քայլերին։

«Կան գաղափարներ՝ կապված էներգետիկ օբյեկտների, հացահատիկի մատակարարումների, էլեկտրաէներգետիկ օբյեկտների, ինչպես նաև նավթի և գազի արտահանման հետ։ Ռուսաստանն ու մենք տարբեր շահեր ունենք», — նշել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ նպատակը կլինի մինչև ձմեռը կամ դրա ընթացքում գտնել այնպիսի քայլեր, «որոնք կարող են կողմերին մոտեցնել խաղաղությանը»։

Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը նաև աջակցում է Ուկրաինայի համար առանձին «ձմեռային փաթեթի», որը կներառի հակաօդային պաշտպանություն և էներգետիկ աջակցություն։

«Խոսքը միայն հրթիռների մասին չէ, — նշել է Զելենսկին։ — Խոսքը նաև հեղուկացված բնական գազի և դեէսկալացիայի միջոցների մասին է»։

Զելենսկին կարծում է, որ Պուտինը հույս ունի, թե ձմեռը բավականաչափ վնաս կհասցնի Ուկրաինային, որպեսզի ստիպի Կիևին գնալ հետագա զիջումների։

Նա նաև նշել է ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների ևս մեկ եռակողմ նիստ անցկացնելու հնարավորությունը, թեև վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Leave a comment