Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում անցկացված տեղական ընտրություններում «Ալտերնատիվ Գերմանիայի համար» (AfD) ծայրահեղ աջակողմյան կուսակցության գրանցած հաղթանակը ծանր հարված է հասցրել կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միությանը (CDU)։ CDU-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Թորստեն Ֆրայը տեղի ունեցածն անվանել է «բեկումնային պահ երկրի համար»։
Infratest dimap-ի անցկացրած հարցումների համաձայն՝ երկրամասի ընտրողների 87%-ը դժգոհ է Մերցի կառավարությունից, իսկ ZDF-ի տվյալներով՝ հարցվածների երեք քառորդը կարծում է, որ հենց կանցլերի գործոնն է վնասել իշխող կուսակցության արդյունքներին։ Բնակչության դժգոհությունը պայմանավորված է կյանքի թանկացմամբ, կենսաթոշակային բարեփոխումներով և տնտեսական անորոշությամբ։ Բացի այդ, AfD-ն ակտիվորեն շահարկել է բարձր էներգակիրների հարցը՝ պնդելով, որ Ուկրաինային աջակցելու Մերցի քաղաքականությունն է հանգեցրել գնաճին։
Չնայած կուսակցության ներսում տիրող ցնցմանը՝ Մերցը կրկին բացառել է AfD-ի հետ որևէ համագործակցություն։ Միևնույն ժամանակ, Սաքսոնիա-Անհալթում գրանցված արդյունքը լուրջ մտահոգություն է առաջացրել նաև Եվրոպայում։ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Ռոլան Լեսկյուրն այն անվանել է «խիստ անհանգստացնող ազդանշան»՝ ընդգծելով, որ Եվրոպան բախվում է գլոբալ պոպուլիստական ալիքի։