Համագործակցության հեռանկարները ֆրանսիական CEA-Leti գիտահետազոտական ինստիտուտի հետ․ հանդիպում ԷՆ-ում


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական և տեխնոլոգիական ինստիտուտի՝ CEA-Leti-ի պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստան-Ֆրանսիա առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) ներկայացուցիչներ։


 


Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Գասպարյանը կարևորել է CEA-Leti-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար նման գործընկերությունը կարևոր է ոչ միայն առանձին տեխնոլոգիական նախաձեռնությունների, այլև երկրի տեխնոլոգիական և գիտահետազոտական ներուժի զարգացման, բարձր ավելացված արժեք ստեղծող տնտեսության ձևավորման և միջազգային շուկաներում Հայաստանի դիրքերի ամրապնդման տեսանկյունից։


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և CEA-Leti-ի միջև միկրոէլեկտրոնիկայի, կիսահաղորդիչների, ֆոտոնիկայի, թվային տեխնոլոգիաների և հետազոտությունների ու մշակումների (R&D) ոլորտներում համագործակցության հնարավորությունները։


 


Տիգրան Գասպարյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա մասնագիտական ներուժը, գիտահետազոտական և կրթական հաստատությունների կարողությունները, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության գործիքները։


 


Կողմերն անդրադարձել են Հայաստանի բուհերի և գիտահետազոտական կառույցների՝ CEA-Leti-ի հետ համատեղ ծրագրերում ներգրավման հնարավորություններին, այդ թվում՝ ուսանողների և հետազոտողների համար պրակտիկայի ու PhD ծրագրերի, համատեղ հետազոտական նախագծերի, ինչպես նաև միջազգային ֆինանսավորման ծրագրերի շրջանակում համագործակցության հեռանկարներին։


 


Տիգրան Գասպարյանը նշել է, որ Հայաստանի նպատակն է զարգացնել տեխնոլոգիական և գիտահետազոտական կարողությունները՝ միաժամանակ դրանք կապելով գլոբալ շուկաների և միջազգային գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ CEA-Leti-ի հետ համագործակցությունը կարող է կարևոր դեր ունենալ այդ գործընթացում։


 


Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները և դիտարկել համագործակցության կոնկրետ ուղղությունների ձևավորման հնարավորություններ:


 

Դիտումների քանակ2

Leave a comment