Երևանի մի շարք փողոցներ կանվանակոչվեն (PAN.am)

Երևանի ավագանու սեպտեմբերի 8-ի նիստի օրակարգում ընդգրկվել են մայրաքաղաքի մի շարք փողոցների անվանակոչման և անվանափոխման վերաբերյալ հարցեր։

Մասնավորապես, առաջարկվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ 14-րդ փողոցը՝ նրբանցքներով, անվանակոչել բանաստեղծուհի, գրաքննադատ և հրապարակախոս Արմենուհի Տիգրանյանի անունով։ Փողոցը սկսվում է Արշակունյաց պողոտայից, ընդհատվում՝ մինչև Ներքին Շենգավիթի 15-րդ փողոց հասնելը, ապա շարունակվում և հասնում Ներքին Շենգավիթի 6-րդ փողոց, հայտնում է Panorama.am-ը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4-րդ փողոցը՝ նրբանցքներով, առաջարկվել է վերանվանել հայ արվեստագետ և գեղանկարիչ Կարեն Սմբատյանի անունով՝ «Կարեն Սմբատյան փողոց»։

Դավթաշեն վարչական շրջանում առաջարկվել է խորհրդային և հայ ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի անունով անվանակոչել Դավթաշենի 1-ին փողոցը, որը սկսվում է Բեկնազարյան, Մելքումովի և Ֆուչիկի փողոցների խաչմերուկից ու հասնում Դավթաշենի 10-րդ փողոց։

Նույն անունն առաջարկվել է տալ նաև Դավթաշենի 1-ին փողոցի 1-ին նրբանցքին, որն սկսվում է Դավթաշենի 1-ին փողոցից և հասնում Աշտարակի խճուղի, ինչպես նաև 2-րդ նրբանցքին, որն սկսվում է Դավթաշենի 1-ին փողոցից և հասնում Յուրի Երզնկյան փողոց։

Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ 13-րդ փողոցը, որն սկսվում է Արմեն Խոստիկյան փողոցի 1-ին նրբանցքից և հասնում Շիրակի փողոց, առաջարկվել է անվանակոչել հայ դերասան Ազատ Գասպարյանի անունով՝ «Ազատ Գասպարյան փողոց»։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցը, որը սկսվում է Մեծարենցի փողոցի հատումից և ավարտվում Շահումյանի գերեզմանոցի սկզբնամասում, առաջարկվել է անվանափոխել Երվանդունիների անունով՝ «Երվանդունիների փողոց»։

Leave a comment