Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան «անհիմն և աչառու» է անվանել իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հայտարարությունները, որոնք վերաբերում են Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող էթնիկ ու կրոնական խտրականությանը։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ալիևան դժգոհություն է հայտնել Սահակյանի բարձրաձայնած փաստերի առնչությամբ, ըստ որոնց Բաքվում պահվող հայերին ենթարկում են խոշտանգումների, ոչնչացնում են քրիստոնեական խորհրդանիշները, արգելում են Աստվածաշնչի օգտագործումն ու ստիպում կարդալ Ղուրան։ Ադրբեջանի ՄԻՊ-ը պնդել է, թե իր գրասենյակը պարբերաբար մոնիթորինգ է իրականացնում և առանձնազրույցներ ունենում հայ գերիների հետ՝ հայտարարելով, իբր նրանց իրավունքները պաշտպանված են միջազգային չափանիշներին համապատասխան։
Բաքվի պաշտոնական ներկայացուցիչը հայ իրավապաշտպանի ահազանգերը որակել է որպես «խաղաղության բանակցությունները խաթարելու փորձ»՝ հերթական անգամ շրջանցելով ադրբեջանական բանտերում հայ պահվող անձանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների վերաբերյալ միջազգային կառույցների ու իրավապաշտպանների ներկայացրած փաստերը։