Եղանակային անբարենպաստ պայմանները, Մերձավոր Արևելքի հակամարտությունը և Սևծովյան առևտրային լոգիստիկան հիմնական պարենային ապրանքների գնանշումների աճի հիմնական գործոններն են
Հռոմ – Համաշխարհային պարենային ապրանքների գների հենանիշային ինդեքսը օգոստոս ամսին փոքր-ինչ աճել է, քանի որ բարձր ջերմաստիճանները և եղանակային այլ ռիսկերը մտահոգություններ են առաջացրել մատակարարման հեռանկարների վերաբերյալ, համաձայն ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից ուրբաթ օրը հրապարակված նոր տվյալների։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետևում է համաշխարհային շուկայում վաճառվող պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխություններին, 2026 թվականի օգոստոսին միջինում կազմել է 133,3 միավոր, ինչն ավելի է հուլիս ամսվա վերանայված մակարդակի համեմատ 1,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2,5 տոկոսով։
«Օգոստոսին պարենային ապրանքների համաշխարհային գների աճը նախազգուշացում է այն մասին, որ ռիսկերի գնային ազդեցությունը վերադառնում է պարենային ապրանքների շուկաներ։ Կլիմայական փոփոխությունները, աշխարհաքաղաքական լարվածությունը և առևտրային լոգիստիկխափանումները համընկնում են՝ սրելով մատակարարման սպասումների վերաբերյալ մտահոգությունները և վկայում են, որ դիմադրողականությունը, բաց առևտուրը և արտադրական միջոցների անվտանգ մատակարարումն այժմ առանցքային նշանակություն ունեն պարենային ապրանքների համաշխարհային գների կայունության ապահովման համար», — նշել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոն։
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հուլիս ամսվա համեմատ աճել է 2,2 տոկոսով, քանի որ բոլոր հիմնական հացահատիկային մշակաբույսերի միջազգային գները բարձրացել են՝ պայմանավորված ներմուծման կայուն պահանջարկով, բերքի հեռանկարների վերաբերյալ աճող մտահոգություններով և առևտրի առանցքային հոսքերի շուրջ շարունակվող անորոշությամբ։
Ցորենի համաշխարհային գները օգոստոս ամսին աճել են 2,6 տոկոսով և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել են 15,0 տոկոսով։ Դրան նպաստել են սևծովյան տարածաշրջանում շարունակվող արտահանման լոգիստիկ խափանումները, շոգ և չոր եղանակային պայմանների հետևանքով Եվրոպայի մեծ մասում արտադրության հեռանկարների վատթարացումը, ինչպես նաև ԱՄՆ դոլարի թուլացումը։
Եգիպտացորենի համաշխարհային գները հուլիս ամսվա համեմատ աճել են 2.5 տոկոսով՝ պայմանավորված Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշ հատվածներում բերքատվության հեռանկարների վերաբերյալ աճող մտահոգություններով, Եվրոպական միությունում արտադրության հեռանկարների վատթարացմամբ, էթանոլի և կերերի մեծ պահանջարկով, Հորմուզի նեղուցի փակման հետ կապված մուտքային մատակարարումների հնարավոր խափանումների վերաբերյալ մտահոգություններով, ինչպես նաև Ուկրաինայի արտահանման հոսքերի խափանումներով:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության բրնձի համաշխարհային գնային ինդեքսն աճել է 0.5 տոկոսով՝ պայմանավորված ասիական և աֆրիկյան երկրների կողմից շարունակական գնումների կայուն ծավալներով:
ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հուլիս ամսվա համեմատ աճել է 1.1 տոկոսով, ինչն արտացոլում է արմավենու և սոյայի յուղերի համաշխարհային գների բարձրացումը, որը պայմանավորված է ներմուծման բարձր համաշխարհային պահանջարկով և Հարավարևելյան Ասիայում Էլ Նինյոյի հետ կապված պայմանների՝ արտադրության հեռանկարների վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ մտահոգություններով: Միևնույն ժամանակ, կանոլայի և արևածաղկի յուղերի գնանշումները փոքր-ինչ նվազել են՝ առաջիկա տարում առատ մատակարարումների ակնկալիքների ֆոնին։
ՊԳԿ մսի գնային ինդեքսն ամսվա ընթացքում աճել է 1.0 տոկոսով, ընդ որում՝ թռչնամսի, խոզի և ոչխարի մսի գները բոլորը բարձրացել են: Խոզի մսի գնանշումների աճը հիմնականում պայմանավորված է բարձր ջերմաստիճաններով, որոնք դանդաղեցրել են կենդանիների աճը Եվրոպական միությունում: Միևնույն ժամանակ, խոշոր եղջերավոր անասունների մսի միջազգային գները նվազել են, քանի որ Չինաստանի ներմուծման քվոտաների բաշխման արդյունքում Բրազիլիայի և Ավստրալիայի արտահանողների միջև այլընտրանքային շուկայական ուղղություններ գտնելու համար մրցակցությունն ավելի է սրվել:
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հուլիս ամվսա համեմատ աճել է 2.3 տոկոսով: Աճի զգալի մասը պայմանավորված է եղել Եվրոպական միությունում կաթի մատակարարումների կրճատմամբ՝ շոգ և չոր եղանակային պայմանների ֆոնին։
ՊԳԿ-ի շաքարի գնային ինդեքսն օգոստոս ամսին աճել է 11,9 տոկոսով։ Աճը պայմանավորված է Եվրոպական միությունում շաքարի ճակնդեղի բերքատվության նվազման ակնկալիքներով՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, Ասիայի հիմնական արտադրող երկրներում Էլ Նինյոյի ազդեցության հետևանքով արտադրության հեռանկարների վերաբերյալ մտահոգություններով, Բրազիլիայում շաքարի արտադրության նվազմամբ, ինչպես նաև Հնդկաստանի կողմից շաքարի հումքի առանց մաքսատուրքի ներմուծման մասին հայտարարությամբ։
Եգիպտացորենի, ցորենի և բրնձի համաշխարհային արտադրությունը, ըստ կանխատեսումների, կնվազի ռեկորդային մակարդակներից
Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալը 2026 թվականին կանխատեսվում է 2 980 միլիոն տոննա, ինչը 2.0 տոկոսով պակաս է 2025 թվականի ցուցանիշի համեմատ, սակայն, այնուամենայնիվ, ռեկորդային մակարդակներից հետո երկրորդ ամենաբարձր բերքն է գրանցված ցուցանիշների մեջ, ըստ ՊԳԿ-ի կողմից այսօր հրապարակված նոր «Հացահատիկի առաջարկի և պահանջարկի համառոտ զեկույցի»։
Եգիպտացորենի համաշխարհային արտադրության կանխատեսումը վերանայվել է նվազման ուղղությամբ՝ մինչև 1 309 միլիոն տոննա, քանի որ Ֆրանսիայում և Լեհաստանում բերքի հեռանկարների վատթարացումը, ըստ ակնկալիքների, կգերազանցի Արգենտինայում և Բրազիլիայում նախկինում սպասվածից ավելի բարձր բերքատվության դրական ազդեցությունը։ Ի հակադրություն՝ ցորենի համաշխարհային արտադրության կանխատեսումը բարձրացվել է մինչև 810,7 միլիոն տոննա, ինչը 3,8 տոկոսով ցածր կլինի 2025 թվականի մակարդակից, սակայն, այնուամենայնիվ, կդառնա գրանցված ցուցանիշների շարքում երկրորդ ամենաբարձր արտադրության ծավալը։ Բրնձի համաշխարհային արտադրությունը, ըստ կանխատեսումների, 2026/27 սեզոնին կնվազի մինչև 553,1 միլիոն տոննա՝ նախորդ սեզոնին գրանցված պատմական առավելագույն մակարդակի համեմատ նվազելով 1,9 տոկոսով։ Նվազումը պայմանավորված է արտադրողների շահութաբերության նվազմամբ և հիմնականում Էլ Նինյոյի հետ կապված եղանակային պայմաններով։
ՊԳԿ-ի կողմից թարմացված կանխատեսումների համաձայն՝ 2026/27 թվականներին հացահատիկի համաշխարհային ընդհանուր օգտագործումը կկազմի 2 965 միլիոն տոննա՝ ինչը 0.2 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Ակնկալվում է, որ կավելանա խոշոր հացահատիկի և բրնձի օգտագործումը, մինչդեռ ցորենի օգտագործումը կնվազի։
2027 թվականին սեզոնների ավարտին հացահատիկի համաշխարհային պաշարները, ըստ կանխատեսումների, կհասնեն 947,2 միլիոն տոննայի՝ փոքր-ինչ գերազանցելով սեզոնի սկզբնական մակարդակին։ Այն մասնավորապես, պայմանավորված կլինի Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում ցորենի պաշարների կուտակմամբ՝ արտահանման սահմանափակ երթուղիների պատճառով։ Արդյունքում, 2026/27 թվականների սեզոնի ավարտին հացահատիկի համաշխարհային պաշարների և օգտագործման հարաբերակցությունը, ըստ կանխատեսումների, կկազմի 31,6 տոկոս՝ ինչը պակաս կլինի նախորդ սեզոնի 31.9 տոկոսից։ Այնուամենայնիվ, պատմական համատեքստում այս ցուցանիշը շարունակում է վկայել համաշխարհային մատակարարումների համեմատաբար բարենպաստ իրավիճակի մասին։ ՊԳԿ-ն նաև կանխատեսում է, որ 2026/27 թվականներին հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային առևտուրը, ամենայն հավանականությամբ, կնվազի ռեկորդային մակարդակներից և կկազմի 509,3 միլիոն տոննա։
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ։
ՊԳԿ-ի կողմից կազմակերպվող Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգը (AMIS) նույնպես ուրբաթ օրը հրապարակել է իր ամսական «Շուկայի մշտադիտարկում» զեկույցը՝ նշելով, որ հիմնական մշակաբույսերի ֆյուչերսային շուկաներում տրամադրությունները «ընդհանուր առմամբ լավատեսական» էին։ Զեկույցը ներառում է նաև հատուկ հոդված, որն անդրադառնում է արմավենու յուղի ոլորտի ռիսկերին, քաղաքականության զարգացումներին և կլիմայական անորոշությանը։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: