Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր խոսնակը դեռևս վաղ է համարում նշել կոնկրետ ժամկետ, թե երբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ճանապարհորդել Եվրոպական Միության երկրներ։

Բրյուսելում Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակ Պաուլա Պինյոն պատասխանել է Factor TV-ի հարցին՝ արդյոք կարող ենք 2029 թվականը իրատեսորեն համարել թիրախային ժամկետ, թե դեռ վաղ է նման կանխատեսում անելը։

Ազգային ժողովում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ․ «Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում»։

Factor TV-ն միաժամանակ հարց է հնչեցրել՝ արդյոք Եվրոպական Միությունը Հայաստանի հետ քննարկում է ՀՀ-ի կողմից Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնելու հնարավորությունը՝ վիզաների ազատականացման բանակցությունների շրջանակում։

Պաուլա Պինյոի խոսքով՝ Բրյուսելը մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության իրական և հետևողական ամրապնդմամբ։ Որպես այդ հարաբերությունների խորացման ակնառու ապացույց՝ խոսնակը հիշատակել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ վերջին շրջանում Հայաստան կատարած երկու այցելությունները։

«Ակնհայտ է, որ մենք ներգրավված ենք և Հայաստանի հետ քննարկում ենք մի շարք թեմաներ՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք ունենալ ավելի սերտ համագործակցություն։

Իսկ արդյո՞ք վաղաժամ է կանխատեսել, թե արդյոք 2029 թվականը կլինի վիզային ազատականացման պահը։ Կասեի, որ իսկապես վաղ է այդքան կոնկրետ լինելը։ Բայց ինչը կարող ենք հաստատել, այն է, որ քննարկումներ են ընթանում մի շարք ոլորտներում, և երբ այս թեմաները հասունանան, մենք կանցնենք հաջորդ փուլին՝ Հայաստանի հետ ավելի ու ավելի սերտ գործընկերության ուղղությամբ»,- պատասխանել է նա։

Երկու հարցին միաժամանակ պատասխանելով՝ Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը, ըստ էության, շրջանցել է ՌԴ քաղաքացիներին առնչվող հարցադրմանը։

Հիշեցնենք, որ ուղիղ երկու տարի առաջ՝ 2024 թվականի սեպտեմբերին, մեկնարկել է ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, որի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ առանց վիզայի ճանապարհորդության համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Հայաստանի կողմից Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ առաջընթացի առաջին զեկույցը հրապարակվել է այս տարվա ապրիլի վերջին, որում նշվել է՝ «Հայաստանի իշխանություններն ամուր քաղաքական հանձնառություն են դրսևորել ՎԱԳԾ-ով ակնկալվող բարեփոխումների իրականացման հարցում»։

Կարինե Ասատրյան

Բրյուսել

Leave a comment