«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
-Պարոն Մանասերյան, ԵՄ խորհուրդը համաձայնություն է տվել հայաստանյան արտադրանքի նկատմամբ ներկայացնելու առեւտրի ազատականացման ժամանակավոր միջոցներ՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի տնտեսությանը հաղթահարել վերջին շրջանում Ռուսաստանի կողմից կիրառվող առեւտրային սահմանափակումների հետեւանքները: Մասնավորապես, կազատականացվի Հայաստանից դեպի ԵՄ շուկա արտահանումների շուրջ 80%-ը։ Կանոնակարգով նախատեսվում է ժամանակավորապես կասեցնել ներմուծման մաքսատուրքերի գանձումը հայաստանյան արտադրանքի լայն շրջանակի նկատմամբ։ Ի՞նչ հնարավորություններ կստեղծի հայ արտահանողների համար այս արտոնյալ ռեժիմը, եւ որքանո՞վ կփոխհատուցվեն տնտեսվարողների կրած վնասները։
-Ինքներդ կարող եք դատել՝ ելնելով Եվրոպայի կողմից իրականացվող այն քայլերից, որոնք վերջին տարիներին իրականացվում են։ Նախ պետք է ասել, որ պետք չէ մեղադրել Եվրամիությանը, պետք է հասկանալ, որ Եվրամիությունն ունի իր խնդիրները։ Եվ որքան էլ ցանկալի է դառնալ ԵՄ անդամ երկիր, ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Վրաստանը, Ուկրաինան եւ նման երկրները, բայց այնուամենայնիվ եվրոպացիները, մեղմ ասած, անհամբերությամբ չեն սպասում անդամակցությանը։ Դա նաեւ վերաբերում է հայկական ապրանքներին եւ ծառայություններին։
Ուղղակի հիշեցման կարգով նշենք՝ ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով հայտարարություն էր արել՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ասել էր, որ ԵՄ-ն 50 մլն եվրո կտրամադրի Հայաստանին՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման նպատակով։
Դրանից հետո լռություն է։ Ընդհանրապես, երբ խոսում են դրամական օգնության մասին, պետք է նաեւ պայմաններն ու ժամկետներն ասեն, բայց այդպիսի բան չեղավ։ Անցավ 1 ամիս, նույն ֆոն դեր Լայենն ասաց՝ 2,5 մլն եվրո կտրամադրենք։
Իրականում այս ամենը կարծես ծաղրուծանակ է։ Ես այն համոզմունքն ունեմ, որ եթե պետության ղեկավարներն ունեն բավարար պետական արժանապատվություն ու ինքնասիրություն, ապա քայլերը համարժեք պետք է լինեն։ Պարտադիր չէ, որ կոշտ պատասխան լինի, բայց նման օգնությունը համեմատեք այն վնասի հետ, որը կրում է միայն հայ գյուղացին։ Ես չեմ խոսում ընդհանուր ապրանքաշրջանառության մասին, որը միայն ԵԱՏՄ անդամ Ռուսաստանի հետ 2,5 մլրդ դոլարից անցել է։ Ամենահամեստ հաշվարկներով՝ Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների արտահանումը 700 մլն դոլարից ավելի է։ Սրանք անցյալ տարվա տվյալներն են, իսկ այս տարվա բերքը մի քիչ ավելի շատ էր։ Այս ամբողջ բերքի վնասները մեծ են, մեր փորձագիտական գնահատականով՝ դա մոտենում է միլիարդ դոլարի։ Բայց եթե անգամ անցյալ տարվա մակարդակը լիներ 700 մլն դոլար, անգամ եթե ԵՄ-ն ամբողջ խոստացած 50 մլն եվրո աջակցությունը տրամադրեր, մեկը 12-ի կամ 13-ի տարբերություն է տալիս։ Այսինքն՝ 13 անգամ պակաս է, ի՞նչ խորհուրդ ունի նման խոստումը։ Իրականում ԵՄ այդ արտոնությունները երկու տարվա համար են տրամադրված։
-Այո, երկու տարով է այդ արտոնյալ ռեժիմը տրամադրված եւ նախատեսվում է սահմանել որոշակի պայմաններ, ինչպես նաեւ պաշտպանական առեւտրային միջոցներ։ Օրինակ՝ սահմանվել է նախապայման, որ հայկական կողմը պետք է խստորեն հետեւի ԵՄ սանիտարական նորմերին կամ թույլ չտա դեմպինգային գնագոյացում, որը կարող է վնաս հասցնել եվրոպական գյուղմթերք արտադրողներին։ Հայ արտադրողները կարո՞ղ են բավարարել այս պայմաններին։
-Որպես տնտեսագետ եւ տնտեսական դիվանագիտության փորձագետ՝ ես ուզում եմ ասել, որ ամբողջ աշխարհում այն երկրները, որոնք չեն ուզում մեկ այլ երկրից ապրանքներ ընդունել՝ հատկապես սննդամթերք ու գյուղմթերք, ամենատարածված դասական գործիքը, որն օգտագործվում է, դա ֆիտոսանիտարական պայմանների բարելավման պահանջ ներկայացնելն է։ Իրականում որեւէ երկիր չի կարող 100 տոկոսով բավարարել ֆիտոսանիտարական պահանջները։
-Նման պահանջ նաեւ Ռուսաստանն է դնում։
-Բնական է, որ ռուսական սահմանափակումները քաղաքատնտեսական, ավելի շուտ՝ քաղաքական ուղղվածություն ունեն, եւ դա գալիս է Հայաստանի Հանրապետության իշխանության վարած ոչ այնքան պարկեշտ արտաքին տնտեսական քաղաքականությունից։
-Իշխանություններն ասում են՝ ի՞նչ անենք, չդիվերսիֆիկացնե՞նք արտահանումները։
-Բայց ո՞վ է արգելում դիվերսիֆիկացնել, դա տարրական գրագիտություն է, չգիտես ինչու՝ երեւի զարմացել են իրենց վրա։ Վերջին 3-4 տարիներին ներկայիս իշխանություններն ինչ-որ տերմին են լսել, երեւի տնտեսագետի մասնագիտությանը լավ չեն տիրապետում, դա սովորաբար առաջին-երկրորդ կուրսում են անցնում, որ կախվածություն չունենալու համար բնականաբար հնարավորինս շատ երկրների հետ պետք է կապեր հաստատել։ Բայց ո՞վ է խանգարում, օրինակ, հարեւան Իրանի հետ զարգացնել տնտեսական կապերը։ ԱՄՆ-ն նույնիսկ Իրանի հետ այս զինված հակամարտության պայմաններում այդպիսի պահանջ չի բարձրացրել, որ Հայաստանը չպետք է համագործակցի Իրանի հետ։ Արեւմուտքն ընդհանրապես ըմբռնումով է մոտենում, եւ այդպես եղել է անկախության բոլոր տարիներին։ Արաբական երկրների, ի վերջո Վրաստանի հետ կարելի է ակտիվացնել հարաբերությունները։ Այսինքն՝ այս ամենը տարրական գրագիտության բացակայության մասին է խոսում։
Մյուս կողմից, ՀՀ ներկայիս իշխանությունները ոչ միայն գրագիտության պակաս ունեն, այլ նաեւ իրազեկվածության։ Իրենք ուղղակի զլանում են կարդալ այն փաստաթղթերը, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կարդալ մինչեւ պաշտոնը ստանձնելը։ Էկոնոմիկայի, ֆինանսների, տնտեսական բլոկի ցանկացած նախարար պարտավոր է ուղղակի անգիր իմանալ Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ այն իրականացնել։ Որեւէ բան չեն արել, արդեն 9 տարի է։ Եվ այս պայմաններում կարծես ինքնախաբեությամբ են զբաղվում, երբ ասում են, որ ՀՀ-ն ուզում է անդամակցել ԵՄ-ին։ Իսկ դուք եվրոպական պահանջների կատարման ուղղությամբ ի՞նչ քայլ եք արել, որ հիմա խոսում եք անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ այդ խայտառակ՝ մեկ նախադասությունից բաղկացած օրենքի մասին։ Դա օրենք չէ, խայտառակություն է, ուղղակի հայտարարություն է։ Այնքան գրագիտության դեֆիցիտ ունեն, որ չգիտեն՝ ինչպես հայտարարությունը տարբերեն օրենքից։ Այս պայմաններում ոչ տնտեսագետը կարող է օգնել, ոչ իրավաբանը, եթե մարդիկ նաեւ ազգային մտածողություն չունեն, մի կողմ դնենք իրենք մասնագիտական գիտելիքները։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: