Հայ և թուրք գործընկերների Երևանում քննարկել են փոխադարձ առևտրի ու ներդրումային հնարավորությունները

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (UMBA) և Վանի առևտրաարդյունաբերական պալատի (Van TSO) ներկայացուցիչները սեպտեմբերի 3-4-ը Երևանում կայացած երկկողմ հանդիպումների շրջանակում քննարկել են փոխադարձ առևտրի ու ներդրումային հնարավորությունները, գնահատել երկու երկրների գործարար համայնքների միջև համատեղ աշխատանքի ու առկա տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Այդ մասին ասվում է վերոնշյալ կառույցների հարաբերությունների կարգավորման, սահմանային անցակետերի բացման ու տնտեսական համագործակցության վերաբերյալ ուղերձում:

Նրանք կարևոր ու նշանակալի քայլ են համարում հանդիպումը Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու տնտեսական համագործակցության զարգացման առումով, հայտնում է Արմենպրեսը:

«Մենք հավատում ենք, որ գործարար աշխարհը կարող է զգալի ներդրում ունենալ փոխըմբռնման, վստահության և ընդհանուր տնտեսական շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացման գործում՝ անկախ սահմաններից և քաղաքական տարաձայնություններից։

Մենք կարծում ենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների զարգացումը զգալի ներդրում կունենա ոչ միայն երկու երկրների գործարար համայնքների, այլև սահմանամերձ շրջանների, ինչպես նաև Վանի ու Երևանի տնտեսական և սոցիալական զարգացման գործում։

Այս համատեքստում կարևորվում են․

  • Երկու երկրների միջև առևտրի ծավալների աճը։
  • Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանային անցակետերի բացումն ու սահմանային անցումների փոխադարձ դյուրացումը։
  • Տրանսպորտային կապերի բարելավումը և առկա հաղորդակցային ուղիների ավելի արդյունավետ օգտագործումը։
  • Գործարարների միջև փոխադարձ այցելությունները և երկկողմ ձևաչափով (B2B) հանդիպումների ավելացումը։
  • Համատեղ ներդրումների և արտադրությունների հնարավորությունների գնահատումը։
  • Համագործակցության ամրապնդումը զբոսաշրջության, լոգիստիկայի, գյուղատնտեսության, սննդի, տեքստիլի, արդյունաբերության ալ ճյուղերում և ծառայությունների ոլորտներում։
  • Գործարար աշխարհում կորպորատիվ հաղորդակցության կայուն հաստատումը։

Կարծում ենք․

Սահմանային անցակետերի բացումը նշանակում է ոչ միայն առևտրի խթանում, այլև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարևոր քայլ, որը կծառայի երկու երկրների ժողովուրդների միջև շփումների, տնտեսական փոխգործակցության ու փոխադարձ վստահության ամրապնդմանը: Սահմանների բացումն առևտրի, ներդրումների, զբոսաշրջության և մշակութային փոխգործակցության համար մեծ նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտման գործում:

Վանը կարող է դառնալ Թուրքիայի և Կովկասի միջև առևտրի ու լոգիստիկայի բնական կամուրջ, և Վանի ու Երևանի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային առևտրի զարգացմանն ու երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդմանը։

Երևանում հաստատված կապերը չպետք է մնան միայն գործնական հանդիպումներ. դրանք պետք է շարունակվեն փոխադարձ այցելություններով, առևտրային կապերով ու կոնկրետ համագործակցությամբ: Մենք ընդգծում ենք, որ այս գործընթացը մշտական և կայուն դարձնելու ամենակարևոր քայլերից մեկը սահմանային անցակետերի բացումն ու կանոնավոր առևտրային ուղիների ստեղծումն է:

Գործարար համայնքների միջև այս շփումները դիտարկում ենք որպես կառուցողական նախաձեռնություն, որը սոցիալ-տնտեսական առումով նպաստում է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին ու Հարավային Կովկասի հեռանկարին, և մեր վճռականությունն ենք հայտնում շարունակել ջանքերը փոխադարձ վստահության ամրապնդման, առևտրային հարաբերությունների զարգացման, սահմանային անցակետերի բացման և տարածաշրջանային խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու համար։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը համակարծիք են, որ առևտուրը փոխադարձ վստահության ամրապնդման ամենահզոր գործիքներից մեկն է. սահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները, իսկ տնտեսական համագործակցությունը նպաստում է երկարատև հարաբերությունների հաստատմանը։

Այս ըմբռնմամբ հանրությանը հարգանքով տեղեկացնում ենք, որ շարունակելու ենք մեր ջանքերը՝ երկու երկրների գործարար համայնքների միջև հաղորդակցությունն ու համագործակցությունը բարելավելու, առևտրի ծավալները մեծացնելու և սահմանային անցակետերի բացման գործընթացին աջակցելու ուղղությամբ», ասվում է հայտարարության մեջ:

Երևանում սեպտեմբերի 3-4-ն անցկացվել է Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով։ Այն կազմակերպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

Համաժողովի նպատակն էր մեկ հարթակում համախմբել Հայաստանի և Թուրքիայի գործարար ու պետական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղղություններ ու ձևաչափեր, ինչպես նաև խթանելու նոր գործարար կապերի և գործընկերությունների ձևավորումը։

Leave a comment