Պոլսո Հայոց պատրիարքն Աղթամարում աղոթել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար

Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի ավարտից հետո Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է, որ այս տարի հատուկ աղոթք են հղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար։

«Հատկապես այս տարի աղոթեցինք աշխարհի խաղաղության ու մարդկության եղբայրության համար։ Աղոթեցինք, որպեսզի Թուրքիա-Հայաստան հարաբերություններն ավելի բարելավվեն/կարգավորվեն։ Որովհետև այս հողերում ապրող ժողովուրդներն արժանի են խաղաղության։ Այդ պատճառով Աստծուց ողորմություն ենք խնդրում։ Թող այս խաղաղությունը գա այս հողերին և ժողովուրդներին։ Թող բոլորս միասին այս աշխարհը վերածենք այն գեղեցիկ սեղանի, որն Աստված պատրաստել է մեզ համար»,-ասել է նա, հայտնում է Ermenihaber-ը:

Պատարագը մատուցել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը և ԱՄՆ Արևելյան շրջանի հայկական եկեղեցու հոգևոր առաջնորդ, եպիսկոպոս Մեսրոպ Պարսամյանը։ Այն տևել է 2 ժամ:

Պատարագին ներկա են եղել Թուրքիայից, Հայաստանից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից և Իրանից ժամանած հայեր։

Սեպտեմբերի 6-ին Վանա լճի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվել է 14-րդ պատարագը։ 2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում:

Leave a comment