Անդրանիկ Թեւանյանի գործը 2008 թվականի «գրիչի գործի» շարունակությունն է․ Ստեփան Դանիելյան

«Հարգելի քաղաքացիներ, բաց դատի իմաստը ոչ միայն Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի արդարությունը ցույց տալու համար է, այլ նաև առաջին հերթին ձեզ համար է, որպեսզի դուք կկարողանաք համոզվել, թե ինչպիսի դատական համակարգ է Հայաստանում գործում, ինչպիսի մեղադրանքներ են ներկայացնում, և դրանց մեծ մասը՝ սկսած դեռևս 2018 թվականի հայտնի դեպքից, երբ որ «գրիչ» էր ներկայացնում գործող վարչապետը և մեղադրում, որ իրեն կաշառք են տվել․ սա այդ նույն «գրիչի գործի» շարունակությունն է»,- ԲԴԽ-ի մոտ ցույցի ժամանակ իր խոսքում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Մայր Հայաստանն» այսօր ցույց էր կազմակերպել ԲԴԽ-ի առջև՝ պահանջելով, որ կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արեգնազ Մանուկյանի՝ վաղը մեկնարկելիք դատավարությունը լինի բաց։

Ստեփան Դանիելյանը վստահ է՝ բաց դատը հնարավորություն կտա համոզվելու, որ Հայաստանում մարդու իրավունքները, դատական համակարգը, սահմանադրական նորմերը այլևս չեն գործում․ «Եվ այն մարդիկ, որոնք ունեն մտածելու ունակություն, քննադատական միտք, այս ամենը, բնականաբար, հասկանում են, որովհետև սկսած 2018 թվականից բազմաթիվ դեպքեր են եղել, որ դուք համոզվել եք՝ Սահմանադրությունը Հայաստանում այլևս չի գործում։ Բայց կան մարդիկ, որոնք դեռևս այդ պոպուլիստական քարոզչության տակ են մնացել․ այս բաց դատավարությամբ պետք է տեսնեն, թե ինչպիսի արդարադատություն է իրականացվում Հայաստանում, երբ որ ընտրություններից առաջ նման գործեր են «բացվում»։ Եվ իրենք իրենց նպատակին հասնում են, որովհետև հանրության մի մասը այդ պոպուլիզմին տրվում է, այդ մեղադրանքներին՝ հրապարակային վարչապետի կողմից հնչեցված, իրենք դա լուրջ են ընդունում և գնում են համապատասխան ընտրության»։

Խոսելով խորհրդարանական ընտրություններում խախտումների, ԲՀԿ-ից 60 հազար ձայն օրը ցերեկով գողանալու մասին, Ստեփան Դանիելյանն ասաց․ «Այնուամենայնիվ, այս բաց դատավարությունը շատ կարևոր է, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Հասկանալով, թե ինչ է կատարվում, բնականաբար, պետք է լինեն գործողություններ, և այդ գործողությունների նպատակը մեկն է՝ Հայաստանում վերականգնել Սահմանադրությունը։ Հայաստանում Սահմանադրությունն արդեն չի գործում, և քաղաքական գործունեության համար մեկ խնդիրը սահմանադրական կարգի վերականգնումն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք՝ այս տարվա մայիսից Անդրանիկ Թևանյանը գտնվում է կալանքի մեջ՝ «պետական դավաճանության» կասկածանքով, այնուհետև Արեգնազ Մանուկյանը կալանավորվեց՝ Անդրանիկ Թևանյանին ԱԺ փակ հանդիպումից իբրև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու համար։ Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան, և վաղը տեղի է ունենալու առաջին նիստը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment