Դիվանագիտական հումոր Կիևում․ Արախամիան «Киевский режим» գրությամբ շապիկով է ներկայացել ԱՄՆ բանագնացներին

Կիևում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Ստիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ անցկացված բանակցություններն աչքի են ընկել ուշագրավ ու ոչստանդարտ դրվագով։ Ուկրաինական պատվիրակության անդամ, «Ժողովրդի ծառա» ֆրակցիայի ղեկավար Դավիթ Արախամիան բարձրաստիճան հյուրերի հետ հանդիպմանը ներկայացել է «Киевский режим» գրությամբ շապիկով:

Այս քայլը պատասխան էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մեկ օր առաջ արված հայտարարություններին, որտեղ նա ամերիկացի բանագնացների հետ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում օգտագործել էր «Киевский режим» ձևակերպումը։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նմանատիպ ինքնատիպ շապիկներ ամերիկացի գործընկերների համար նախապատրաստել էր նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները ժպիտով են ընդունել հեգնական շեշտադրում պարունակող այս նվերները։ Կիևում անցկացված բանակցությունների ընթացքում նման ժեստը դարձել է քաղաքական հռետորաբանությանն արձագանքելու յուրօրինակ ձև։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment