Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական տաճարի մոտ ոստիկաններ են տեղակայել՝ փորձելով կանխել անցորդների կողմից վիրավորական դեպքերը

Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական տաճարի մոտ ոստիկաններ է տեղակայել՝ փորձելով կանխել հրեա անցորդների կողմից եկեղեցու շենքի վրա թքելու դեպքերը, հաղորդում է The Times of Israel-ը։

Սակայն, կարծես թե, ոստիկանների ներկայությունը դեռևս չի դադարեցրել այդ արհամարհական վարքագիծը։

Կրոնական խտրականության դեպքերը փաստագրող Կրոնական ազատության տվյալների կենտրոնի ներկայացուցիչ Յիսկա Հարանիի խոսքով՝ ոստիկանները հայկական սրբավայրի մոտ առաջին անգամ հերթապահություն են իրականացրել շաբաթ օրը։

Հարանին հրապարակել է նախորդ գիշերվա տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ հրեա կին անցնում տաճարի կողքով, թքում շենքի ուղղությամբ, ապա, ըստ երևույթին, լիզում մատները։

Դրանից հետո կնոջը մոտենում են ոստիկանները։ Տեսանյութից, սակայն, պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո։ Ոստիկանությունը լրատվամիջոցի մեկնաբանության հարցմանը անմիջապես չի պատասխանել։

Հարանին նաև մեկ այլ տեսանյութ է հրապարակել, որն արվել է կիրակի առավոտյան։ Կադրերում, ըստ երևույթին, մեկ այլ հրեա անցորդ թքում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական վանքի ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment