ԱԺԲ-ն պահանջում է Արսեն Գևորգյանի մահվան պատճառների և կալանքի պայմանների մասին հրապարակային հաշվետվություն

ԱԺԲ-ի հայտարարությունը «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան առիթով

Ազգային-Ժողովրդավարական Բևեռը խորին ցավակցություն է հայտնում «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և համախոհներին։ Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը ինֆարկտն է, սակայն պաշտոնական եզրակացությունը դեռ չկա։

Պետությունը, որը մարդուն զրկում է ազատությունից, պատասխանատու է նրա կյանքի և առողջության համար։ Երբ կալանքի տակ գտնվող քաղաքացին մահանում է, իշխանությունը պարտավոր է հրապարակայնորեն և անհապաղ պատասխանել՝ ինչ պայմաններում է պահվել նա, ստացել է արդյո՞ք անհրաժեշտ բժշկական օգնություն, և ինչո՞ւ դա չի կանխվել։

Մենք պահանջում ենք՝

անկախ, թափանցիկ և անհապաղ քննություն՝ միջազգային դիտորդների ներգրավմամբ,

մահվան պատճառների և կալանքի պայմանների մասին հրապարակային հաշվետվություն,

նույն դեպքերի կրկնությունը կանխելու համար բոլոր կալանավորված քաղաքական գործիչների և ընդդիմադիրների առողջական վիճակի անհապաղ ստուգում ու համապատասխան բուժօգնության ապահովում,

քաղաքական շարժառիթներով հետապնդումների դադարեցում։

Մարդու կյանքի և արժանապատվության պաշտպանությունը քաղաքական տարաձայնություններից վեր է։ Պետություն, որի բանտերում մահանում են ընդդիմադիր գործիչները, դադարում է լինել իրավական պետություն։

 

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

10.11.2026թ., Երևան

Leave a comment