Մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Հակարի կամրջի մոտ ադրբեջանցիները լեզվակռվի մեջ են մտել հայ սահմանապահների հետ և փորձել են առաջ շարժվել դեպի Կոռնիձոր, չեն համապատասխանում իրականությանը։
Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանը քիչ առաջ MediaHub-ին տեղեկացրել է, որ իր խոսքը վերաբերում էր չորս տարի առաջ տեղի ունեցած դեպքին, ոչ թե այսօրվա իրավիճակին։
«Ես իմ զրույցում ասել եմ, որ այդ դեպքը տեղի է ունեցել տարիներ առաջ։ Այս պահին Կոռնիձորի հատվածում իրավիճակը հանգիստ և խաղաղ է։ Սահմանապահները տեղում են, որևէ կրակոց, առաջխաղացում կամ հայ սահմանապահների հետ լեզվակռիվ չկա։ Իմ խոսքերը պարզապես խեղաթյուրված են ներկայացվել։ Խնդրում եմ տեղեկությունը տարածել այնպես, ինչպես այն իրականում կա»,– ասել է Սուրեն Ամարյանը։