«Երեւանտրանս»-ը լուծարվում է

Հասարակություն

   «Երեւանտրանս»-ը լուծարվում է

  Երեւան քաղաքում հասարակական տրանսպորտային երթուղիների սպասարկում եւ դիսպետչերական ծառայություններ մատուցող «Երեւանտրանս» ընկերությունը կլուծարվի։ Նախագիծը ներկայացված է Երեւանի ավագանու սեպտեմբերի 8-ին կայանալիք նիստում։

Պատճառն այն է, որ ներկայումս, միակ օպերատոր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի եւ տրոլեյբուսային ուղևորափոխադրումներ իրականացնող «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցները համալրվել են GPS տեղորոշման համակարգով, ինչի հետեւանքով ընկերությունն այլեւս չի մատուցում դիսպետչերական ծառայություններ:

     «Երեւանտրանս» ընկերությունը նաեւ իրականացրել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմին սպասարկող ծառայողական մեքենաների ընթացիկ սպասարկում, ինչպես նաեւ ապահովել է Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի բնականոն գործունեությունն ու աշխատանքները:

   «Երեւանտրանս»-ի այս ծառայություններից էլ քաղաքապետարանը կհրաժարվի։ Ըստ հիմնավորման՝ աշխատակազմին սպասարկող ծառայողական հին ավտոմեքենաները փոխարինվել են նոր էլեկտրական ավտոմեքենաներով եւ վերջիններիս սպասարկումն իրականացվում է մասնավոր կազմակերպությունների կողմից։ Իսկ Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի սպասարկումը նպատակահարմար է իրականացնել այլ կազմակերպության միջոցով:

Այս փոփոխությունների արդյունքում ընկերության հետագա գործունեությունը դառնում է ոչ նպատակահարմար, ուստի անհրաժեշտություն է առաջացել այն լուծարելու: Երբ լուծարվելու որոշումն ուժի մեջ մտնի, 15-օրյա ժամկետում ստեղծվելու է լուծարման հանձնաժողով։ 

 

Leave a comment