Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի քան 3 ժամ բանակցություններ է վարել Մոսկվա ժամանած ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների հետ:
Բանակցություններին ներկա են եղել նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը:
Սպիտակ տան պաշտոնյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ «կողմերը քննարկել են հետագա քայլերի վերաբերյալ բովանդակային ծրագրեր, որոնք կհայտարարվեն առաջիկա շաբաթներին», և որ բանագնացներն «ակնկալում են նույնքան արդյունավետ հանդիպումներ» Ուկրաինայում՝ սեպտեմբերի 6-ին։
Կրեմլի օգնական Յուրի Ուշակովը բանակցությունները բնութագրել է որպես «բովանդակային, շատ անկեղծ և կառուցողական»։ Նա հավելել է, որ ամերիկացի բանագնացները ներկայացրել են ԱՄՆ-ի դիրքորոշումը և խոստացել են Պուտինի տեսակետները փոխանցել ուկրաինացի ղեկավարներին՝ Կիևում կայանալիք հանդիպումների ընթացքում։
«Նրանք ոչ միայն իրենց ավանդական հետաքրքրությունն են հայտնել ռազմական գործողությունները հնարավորինս արագ դադարեցնելու հարցում, այլև մի շարք գաղափարներ են առաջարկել՝ կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ», -ասել է նա։ Ուշակովը, սակայն, չի մանրամասներ չի հայտնել:
Ուշակովը պնդել է, որ Ռուսաստանը կհասնի իր նպատակներին, և որ հակամարտության «արմատական պատճառները» պետք է լուծվեն։ Սա երաբերում է, մասնավորապես, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հույսերից հրաժարվելուն և ուկրաինական զինված ուժերը փաստացի զինաթափելուն ուղղված քայլերին, ինչպես նաև մի շարք այլ դժգոհություններին։ Կիևը վաղուց մերժել է նման պահանջները։
Աղբյուր՝ azatutyun.am