Շուշիում ադրբեջանցիներն ավերել են հայ-ռուսական հին գերեզմանատունը

Բաժանորդագրվել

Գերեզմանոցն ավերվել է անձրևաջրերի և կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման պատճառաբանությամբ:

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Օկուպացված Արցախի Շուշի քաղաքում ադրբեջանցիներն ավերել են հայ-ռուսական հին գերեզմանատունը։ Այս մասին հայտնում է Caucasus Heritage Watch–ը («Կովկասի ժառանգության մշտադիտարկում»)։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել 2026 թվականի մայիսի 9-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։

Կազմակերպության տվյալներով` գերեզմանատանը եղել են միջնադարյան հայկական խաչքարեր և 1810-1871 թթ. թվագրվող հայկական և ռուսական տապանաքարեր։

«Եղել են 35 հայկական և ռուսական տապանաքարեր, ինչպես նաև հինգ հայկական խաչքարեր, որոնք մի քանի դար ավելի հին էին, քան տապանաքարերը։ Այնտեղ թաղված էին հայ ընտանիքներ, ռուս սպաներ, բժիշկներ և պետական ծառայողներ։ Տապանաքարերը վկայում են 19-րդ դարում Շուշին ապրած մարդկանց, հաստատությունների և համայնքների մասին»,– նշված է հոդվածում։

Գերեզմանատան ավերումը հայտնաբերվել է արբանյակային լուսանկարների միջոցով, որոնք ստացվել են Planet ընկերությունից: Այս նախնական տվյալները ստանալուց հետո CHW-ն հետագա ուսումնասիրություններ է կատարել՝ օգտագործելով Planetscope-ից ստացած պատկերները։

Նշվում է նաև, որ գերեզմանոցն ավերվել է անձրևաջրերի և կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման պատճառաբանությամբ:

Ավելի վաղ կազմակերպությունը հայտնել էր, որ Ստեփանակերտում ավերել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձան-զանգակատունը:

Leave a comment