«Դրվատանքի մագաղաթ»-ը արժևորում է ոչ միայն գրողների ստեղծագործական, այլև գրական գործունեությունը

Հայաստանի գրողների միությունն ու ԱՄՆ Հայ գրողների և Լրագրողների միությունը  սահմանել են ամենամյա «Դրվատանքի մագաղաթ» մրցանակը:

Մրցանակը տրվում է սփյուռքահայ ճանաչված գրողներին, թարգմանիչներին և արվեստագետներին:

2025 թ.-ի մրցանակին արժանացած գրողներն են.

Ավիկ Դերենց (ԱՄՆ) – բանաստեղծ

Սոնա Վան (ԱՄՆ) – բանաստեղծ

Կարեն Խուրշուդյան (Ֆրանսիա) – բանաստեղծ, թարգմանիչ,

Նաթելլա Լալաբեկյան (ԱՄՆ) – բանաստեղծ, արձակագիր

Գարուն Սարգսյան (Իրան) – թարգմանիչ

Անդրանիկ Խեչումյան (Իրան) – թարգմանիչ

Վարանդ (Իրան) – բանաստեղծ, արձակագիր

Սեպտեմբերի 3-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ մրցանակների հանձնումը այն սփյուռքահայ գրողներին, որոնք Հայաստանում էին՝ Սոնա Վանին, Վարանդին, Անդրանիկ Խեչումյանին և Գարուն Սարգսյանին:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց մրցանակի, նրա կարևորության մասին, ասելով, որ «Դրվատանքի մագաղաթ»-ը արժևորում է ոչ միայն գրողների ստեղծագործական, այլև գրական գործունեությունը և ներկայացնելով մրցանակակիրներին՝ նրանց հանձնեց մրցանակները:

Սոնա Վանն իր շնորհակալական խոսքում նշեց, որ արժևորումը ոգևորում է գրողին: «Գրականությունն այսօր շատ կարևոր է ամբողջ աշխարհում, հատկապես պոեզիայի միջոցով պիտի կարողանանք մարդուն մարդ պահել»,-ասաց նա:

Անդրանիկ Խեչումյանը նշեց, որ մրցանակը քաջալերում է ու պարտավորեցնում: Վարանդը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց մրցանակի համար, ասելով, որ այն «կօգնի ավելի լավ ստեղծագործել, նոր գրքեր հրատարակել և նոր ոգևորությամբ շարունակել գրական գործունեությունը»:

Գարուն Սարգսյանն արժևորեց Գրողների միության գնահատանքը՝ ասելով, որ «կարևոր է ապագայում ևս պահպանել կենսունակությունը և նոր ստեղծագործություններ հրատարակել»:

Մյուս մրցանակները կտրվեն արվեստագետներին իրենց երկրներում կամ երբ լինեն Հայաստանում:

Հայաստանի գրողների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment