Երևանի երկաթուղային կայարանի գլխավոր նախասրահ, 50-ից ավելի ընկերություններ՝ ՀՀ-ից և արտերկրից․ TOUR EXPO-2026 ցուցահանդեսը մեկ հարթակում համախմբեց զբոսաշրջային ազգային և արտասահմանյան կազմակերպությունների, տուրօպերատորների, ավիաընկերությունների, հյուրանոցների, առողջարանների և ճանապարհորդության ոլորտի ընկերությունների։
Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին նոր զբոսաշրջային ուղղություններ և ճանապարհորդական առաջարկներ, ոլորտի ընկերությունները համագործակցության նոր նախագծեր քննարկեցին։
Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ իր խոսքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովն ընդգծեց այսպիսի նախաձեռնությունների կարևորությունը զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում․ «Սա լավ հնարավորություն է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար՝ հաստատելու նոր գործարար կապեր, փոխանակելու փորձը և իրենց ծառայությունները ներկայացնելու լայն հանրությանը։ Այցելուների համար էլ լավ հնարավորություն է ավելի մանրամասն ծանոթանալու Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին և ընտրելու ճանապարհորդության հետաքրքիր ուղղություններ։ ՀՀ-ն հիասքանչ երկիր է, ՀՀ-ի զբոսաշրջային ներուժն անսահման է և դեռ լիովին բացահայտված չէ»։
TOUR EXPO 2026-ն անցկացվում է «NEO CONCEPT» ընկերության նախաձեռնությամբ։ Ցուցահանդեսը բաց կլինի սեպտեմբերի 5-6-ին՝ ժամը 11։00-20։00։ «NEO CONCEPT» ընկերության տնօրեն Զառա Սարգսյանը նշեց՝ ցուցահանդեսի անցկացման նպատակն է ստեղծել համագործակցային դաշտ ընկերությունների համար․ «Նպատակադրված ենք ընտրել Երևանի երկաթուղային կայարանը, որ կարողանանք ոչ միայն մասնակիցներին հնարավորություն տալ տաղավարներով հանդես գալ, այլև ստեղծել համապատասխան մթնոլորտ ցուցահանդեսի մասնակիցների և այցելուների համար։ Ցուցահանդեսին մասնակցում են 50-ից ավելի ընկերություններ, ունենք ներկայացուցիչներ ոչ միայն ՀՀ-ից, այլև Վրաստանից, Կիպրոսից։ Խոշոր մասշտաբով ներկայացված են նաև ՀՀ-ի բոլոր մարզերը։ Վերջին 5-6 տարիներին ՀՀ-ում ներգնա տուրիզմը մեծապես զարգացել է։ Փորձում ենք զբոսաշրջիկներին մեծ մասշտաբով ներկայացնել ՀՀ-ն»։ Նշենք, որ ցուցահանդեսի անցկացումը կլինի շարունակական։
TOUR EXPO 2026-ին իր տաղավարով ներկայացավ «Սյունիք» օդանավակայանը և NovAir ավիաընկերությունը։ Լրագրողների հետ զրույցում «Սյունիք» օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը, խոսելով օդանավակայանի միջազգային կարգավիճակ ստանալուն ուղղված գործընթացների մասին, ասաց․ «Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն կատարվել են։ Ներկայումս քննարկվում և իրականացվում է նպատակահարմարությունը, և որոշակի ծառայություններ պետք է ներդրվեն օդանավակայանում, որ մենք կարողանանք ունենալ միջազգային կարգավիճակ՝ օրինակ՝ մաքսային, սահմանային վերահսկողություն։ Ինչ վերաբերում է թռիչքների ուղղություններին, ապա մենք՝ որպես օդանավակայան հարթակը տրամադրել ենք ավիաընկերություններին, հնարավորություն ենք ստեղծել իրենց համար զարգացնել տարածաշրջանի ուղղությունները»։ Հարցին՝ ի՞նչ նշանակություն ունի «Սյունիք» օդանավակայանը Սյունիքի և ընդհանրապես ՀՀ-ի զարգացման համար, նա պատասխանեց․ «Հաշվի առնելով Կապանի աշխարհագրական դիրքը, ռելիեֆը, որոշակի քաղաքական նրբություններ, այն էական դեր է խաղում թե′ սոցիալական, թե′ առողջապահական, ինչպես նաև տնտեսական տեսանկյունից՝ ներկա ժամանակահատվածում Կապանի հետ Երևանի կապը կրճատելով և դարձնելով 5-6 ժամվա փոխարեն ընդամենը 40 րոպե։ Դա հնարավորություն է տալիս նոր բիզնես միջավայր ստեղծել Կապանում, հարակից համայնքներում և ընդհանրապես Սյունիքում»։
Նշենք, որ 2017-2020 թվականների ընթացքում «Սյունիք» օդանավակայանն ամբողջությամբ արդիականացվեց։ Կառուցվեց նոր, ժամանակակից ուղևորային տերմինալ: Թռիչքուղին ամբողջությամբ վերակառուցվեց, տեղադրվեցին նավիգացիոն նորագույն համակարգեր: 2020 թվականին օդանավակայանը ստացավ շահագործման սերտիֆիկատ։ 2023-ի օգոստոսի 19-ին իրականացվեց առաջին պաշտոնական չվերթը Երևանից, իսկ 2023-ի օգոստոսի 21-ից մեկնարկեցին կանոնավոր ուղևորափոխադրումները:
Օդանավակայանի շենքի կառուցման, ենթակառուցվածքների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման ծախսերը ֆինանսավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Կոմբինատը շարունակում է ֆինանսավորել «Սյունիք» օդանավակայանի շահագործման և սպասարկման, ինչպես նաև աշխատակազմի վարձատրության ծախսերը։ Բացի այդ, ձեռնարկությունը սուբսիդավորում է Երևան-Կապան-Երևան չվերթի տոմսերի արժեքի շուրջ 65%-ը։ 2023 թվականին «Սյունիք» օդանավակայանի վերաբացմամբ և NovAir ավիաընկերության մուտքով՝ Հայաստանում վերականգնվեց կանոնավոր ներհանրապետական ավիահաղորդակցությունը։
Aravot.am-ի հարցին՝ ինչպիսի՞ն է Երևան-Կապան-Երևան չվերթերի ուղևորահոսքերի դինամիկան, «Սյունիք» օդանավակայանի տնօրենը պատասխանեց․ «Օդանավակայանում Երևան-Կապան չվերթերը սկսեցին շաբաթական երկու չվերթով։ Սկզբնական փուլում գրեթե կիսադարտակ չվերթեր էին։ Բայց մենք հասել ենք նրան, որ ներկայումս իրականացնում ենք երկուշաբթիից ուրբաթ յուրաքանչյուր օր օրական երկու չվերթ, ու տոմսերի ձեռքբերման հերթեր են նույնիսկ գոյանում, բայց դեռ զարգացման տեղեր ունենք»։ Խոսելով տոմսերի գնագոյացման մասին՝ Կարեն Վարդանյանն ասաց․ «Թե′ Սյունիք օդանավակայանի, թե′ ավիաընկերության ծախսերը ֆինանսավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, տոմսերի գները սուբսիդավորվում է կոմբինատի կողմից, և տոմսի գինն ինքնարժեքից բավականին ցածր է։ Որպես այդպիսին՝ Երևան-Կապան չվերթը բիզնես պրոյեկտից դուրս է․ սոցիալական նախագիծ է՝ շնորհիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի։ Մեծահասակների համար մեկ ուղղության արժեքը 20․000 դրամ է»։
Ըստ Կարեն Վարդանյանի՝ Կապան-Երևան չվերթերի ուղևորները տարբեր ոլորտի ներկայացուցիչներ են՝ բիզնես դասի ներկայացուցիչներ, շարքային քաղաքացիներ, արտասահմանցիներ։ Կապան-Երևան երթուղին սպասարկում է 17 տեղանոց L-410 ինքնաթիռը։ Կարեն Վարդանյանը վստահեցրեց՝ հայկական ավիապարկի ամենաերիտասարդ օդանավն է՝ 10 տարեկան, չեխական արտադրության, որը գերազանց վիճակում է։
«Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիա» ՀԿ նախագահ Մարիամ Անդրոյանը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը։ Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Սյունիք օդանավակայանի գործունեությունը ՀՀ-ում զբոսաշրջային ոլորտի զարգացման տեսանկյունից, նա պատասխանեց․ «Երկու ձեռքով ողջունում եմ, «Սյունիք» օդանավակայանը ներգնա տուրիզմի համար հիասքանչ նախագիծ է։ Այն կարող է շատ ավելի զբոսաշրջիկներ ներգրավել, ինչի շնորհիվ կկարողանանք իրականացնել մեր երկիրը զբոսաշրջային առումով գրավիչ դարձնելու՝ մեր նպատակը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: