Հորդորել է «Ավելորդ չխոսի, դատարկ, մանկապարտեզի զրույցներ չանի»

Ժորա Դալլաքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներգրավված է եղել քննությամբ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը, ստանձնել է Ալավերդու բնակչի մասնավոր հարցին առնչվող՝ պարտքը վերադարձնելու խնդրի լուծմանը, այն է՝ 2022թ. դեկտեմբերից 2023թ. փետրվարի վերջն ընկած ժամանակահատվածում պարբերաբար հեռախոսային խոսակցություններ է ունեցել ինչպես ՎԻՃՈՂՆԵՐԻ հետ, ՊԱՐՏՔԻ վերջնաժամկետ սահմանելով։

Մեղադրյալ Ժորա Դալլաքյանը նախաքննության և դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Օգտվելով իր իրավունքներից՝ հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ։

Դատարանը վերացրել էր նրա նկատմամբ ընտրված տնային կալանքը և ազատ արձակել նրան։ Տնային կալանքի տակ գտնվելու 11 ամիս 4 օր ժամկետը հաշվի առնելով՝ դատարանը Ժ. Դալլաքյանի պատիժը համարել է  կրած:

Օրերս՝ օգոստոսի 28-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Արամյանի վճռաբեկ բողոքը բավարարել է, Ժ. Դալլաքյանի վերաբերյալ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2025 թ. ապրիլի 4-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թ. հունիսի 30-ի որոշումը բեկանել է և վարույթը փոխանցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Հիշեցնեմ,  որ Ժորա Դալլաքյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել այն բանի համար, որ նա ներգրավված է եղել քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում ստեղծված քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում. «Նա քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում ստեղծված, քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում հանդիսացող, իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն գործող, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն՝ նպատակ ունենալով լուծելու պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին և դրանց իրացման իրավաչափ ձևերին չհամապատասխանող, անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը ստանձնել է Լոռու մարզի Ալավերդու բնակիչ Ա. Աթանեսյանի մասնավոր հարցին առնչվող՝ Ա. Ավագյանի՝ Ա. Աթանեսյանին պարտք մնացած գումարի՝ ենթադրյալ բռնությամբ կամ անօրինական այլ գործողությունների միջոցով վերադարձման խնդրի լուծումը: Հիշյալ հարցի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով Ժ. Դալլաքյանը 2022 թ. դեկտեմբերից 2023 թ. փետրվարի վերջն ընկած ժամանակահատվածում Ա. Աթանեսյանին պարտք մնացած 150.000 ՀՀ դրամն իրեն վերադարձնելու պահանջով պարբերաբար հեռախոսային խոսակցություններ է ունեցել ինչպես Ա. Ավագյանի հետ, այնպես էլ վերջինիս կնոջ՝ Լ. Մ.-ի հետ՝ վերջիններիս կողմից նշված գումարներն իրեն վերադարձնելու պահանջների համար վերջնաժամկետ սահմանելով»:

Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թ. ապրիլի 4-ի դատավճռով Ժ. Դալլաքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 11 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կարգով հաշվակցվել և նշանակված պատժից հանվել է 2024 թ. ապրիլի 30-ից մինչև 2025 թվականի ապրիլի 4-ն արգելանքի տակ գտնվելու 11 ամիս 4 օր ժամկետը, և պատիժը համարվել է կրված:
Ժ. Դալլաքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` տնային կալանքը, վերացվել է, վերջինս ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճում, իսկ խափանման միջոց բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025թ. հունիսի 30-ի որոշմամբ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Ա. Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ առաջին ատյանի դատարանի՝ 2025 թ. ապրիլի 4-ի թիվ դատավճիռը թողնվելով անփոփոխ:

Գործում կար «Թվային, այդ թվում՝ հեռախոսային խոսակցության վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման ընթացքում ստացված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները պարունակող լազերային. 2023 թ. ապրիլի 1-ին Ժ. Դալլաքյանի և վկա Լ․Մ.-ի միջև տեղի ունեցած խոսակցության ժամանակ վկան Ժ. Դալլաքյանին ասում է՝ «ավելորդ չխոսի, դատարկ, մանկապարտեզի զրույցներ չանի», ինչը ըստ դատարանի գնահատականի՝  «Լ․Մ.-ն Ժ. Դալլաքյանին վերաբերվում է ավելորդ, դատարկ մանկապարտեզի զրույցներ անողի, այլ ոչ թե քրեական ենթամշակույթ կրող անձի»։ Վճռաբեկ դատարանը, սակայն, գտնում է, որ վերոնշյալը որևէ կերպ չի կարող վկայել Ժ. Դալլաքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության մասին։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ, նախևառաջ, Ժ. Դալլաքյանի և Լ․Մ.-ի միջև տեղի ունեցած խոսակցության այդ հատվածը գնահատվել է մեկուսի, անտեսելով այն իրողությունը, որ Ժ. Դալլաքյանի կողմից սահմանած ժամկետում գումարը չվերադարձնելու պատճառով վերջինը պարբերաբար զանգահարել է Լ․Մ.-ին, հնչեցրել է հայհոյանքներ և սպառնալիքներ, որի արդյունքում Լ․Մ.-ը, վախից դրդված, գումարի մի մասը փոխանցել է Ժ. Դալլաքյանի կողմից նշված քարտային հաշիվներին, որպիսի փաստը ստորադաս դատարանները հաստատված են համարել։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի իմաստով արարքը տվյալ հոդվածով որակելիս անձի ընկալումը չի կարող որոշիչ լինել։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ստորադաս դատարանները, Ժ. Դալլաքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքը վերորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել գործում առկա ապացույցների ամբողջությունը։
Հետևաբար, մեղադրյալ Ժ. Դալլաքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության փոխանցելու համար:

Գործում առկա իքս-բջջային հեռախոսահամարի վերանումն էր ներկայացվել դատարան. հայերեն տառերով առկա է «խի ա անջատվում» գրառումը, դրանից ներքև անգլերեն տառերով առկա է «գրի տեսնեմ, ինչ ես ասում, դատի ենք նստած» գրառումը, դրանից ներքև առկա է երեք բացթողնված զանգ, որից ներքև անգլերեն տառերով առկա է «ասում եմ դատի ենք» գրառումը, դրանից ներքև առկա է հայերեն տառերով «կապ չկա, չէր հասնում գրածդ» գրառումը, որից ներքև առկա է անգլերեն տառերով «ինչ ա եղել, գրի տեսնեմ ինչ ես ասում» գրառումը, որից ներքև առկա է հայերեն տառերով «ինձ չկարացին օգնեն ով խոստացել էր, ես իմ աշխատավարձն եմ քեզ ուղարկելու մինչև ամսի վերջ, չեմ կարում ճարեմ, ոչ մեկ չի օգնում» գրառումը, դրանից ներքև առկա է անգլերեն տառերով «լսի, արդեն իմ վեջը չի, ինչ ուզում ես արա, ճարի արա, կարողա լավ չեք դու արա» գրառումը, որից ներքև առկա է հայերեն տառերով «ես քեզ ասեցի, որ խոստացել են, մարդը չի կարում տա, ես ում հույսով ասեմ ետ փողը ես իմ աշխատավարձով եմ կարողանալու տամ» գրառումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment