Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսը։ Միջոցառմանն ամփոփիչ ու ծավալուն ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իր ելույթի սկզբում Փաշինյանը հիշատակել է պատմական մի հայտնի անեկդոտ կամ լեգենդ։ Ըստ դրա՝ 1960-ական թվականներին, երբ Չինաստանի ղեկավար Մաո Ցզե Դունին հարցնում են, թե ինչ կարծիք ունի 1789-1799 թվականների Ֆրանսիական մեծ հեղափոխության մասին, վերջինս պատասխանում է․ «Այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել»։
Փաշինյանն անկեղծացել է, որ նախկինում ծիծաղել է այս պատմության վրա՝ կարծելով, թե դա պրիմիտիվ պատասխան է։ Սեփական փորձառությունը, սակայն, ստիպել է վերանայել այդ մոտեցումը․ «2018 թվականի հեղափոխությունից հետո իմ հետևությունները հեղափոխության վերաբերյալ ամեն շաբաթ փոխվում են։ Եվ իսկապես հիմա արդեն միանգամայն համաձայն եմ Մաո Ցզե Դունի հետ՝ այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել»։
Վարչապետն անդրադարձել է նաև վերջին տարիներին իր ապրած հոգեբանական ծանր ապրումներին և կառավարման բարդություններին․ «Չեմ ուզում թաքցնել՝ վերջին ութ տարիներին եղել են օրեր, երբ ես ինքս ինձ համար անիծել եմ այն օրը, երբ դարձա Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Դա մի անգամ չի եղել, երկու անգամ չի եղել»։
Այս համատեքստում նա նշել է, որ հեղափոխության այսօրվա բովանդակության պահանջարկը հասունացել է դեռևս պատմական խորքերում։ Նշել է, թե երբեմն զգացողություն ունի, որ այդ պահանջարկը ձևավորվել է դեռևս 374 թվականին, երբ ճաշի սեղանի շուրջ սպանվեց Պապ թագավորը։
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ ցանկացած հեղափոխություն առաջին հերթին հնարավորություն է բոլորի համար։ Սակայն հարցն այն է, թե յուրաքանչյուրն ինչպես է օգտվում այդ հնարավորությունից։ Նա հայտնել է, որ թե՛ պետական մակարդակով, թե՛ կուսակցության ներսում բազմիցս քննարկել են, թե արդյո՞ք Հայաստանը 2019-2020 թվականներին օգտվեց այդ հնարավորությունից այնպես, ինչպես կարող էր։
Անդրադառնալով երկրի անցած ծանր փորձություններին՝ վարչապետը նշել է․ «Այո՛, շատ վատ սցենարով, շատ ծանր բաների միջով ենք անցել։ Իսկ բոլորս համոզվա՞ծ ենք, որ դա վատագույն սցենարն էր։ Հարց է՝ կարող է այո, կարող է ոչ։ Ինձ համար մի բան ակնհայտ է՝ հեղափոխությունը տեղի ունեցավ մի միջավայրում, որը նախագծված էր այնպես, որ հեղափոխություն պետք է տեղի չունենա։ Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր կա մի միջավայրում, որը նախագծված էր այնպես, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն չունենար»։
Նա հավելել է, որ որքան էլ դաժան հնչի զոհվածների հարազատների և Ղարաբաղի ժողովրդի համար, իր կարծիքով՝ հեղափոխությունը հաջողության պատմություն է, քանի որ այն պահպանել է պետականությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան