Դեպքը տեղի է ունեցել Քանաքեռ–Զեյթունի Գոգոլի փողոցում սեպտեմբերի 2–ի երեկոյան։ Ոստիկանության աշխատակիցները զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև սառը զենք և հրազեն ապօրինի կրելու կասկածանքով ձերբակալել և Քանաքեռ–Զեյթունի բաժին են տեղափոխել վիճաբանող երեք երիտասարդի։
«Կիևյան փողոցի բնակիչ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին գաղտնի փականով դանակ և մարտական ատրճանակ։ Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 19-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին լիցքավորված ինքնաձիգ և գաղտնի փականով դանակ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։