«Թրամփի ուղու»՝ TRIPP նախագծի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ամերիկյան Semafor պորտալին տված հարցազրույցում:
«TRIPP նախագիծը առաջ է շարժվում։ Այս տարվա վերջին նախատեսվում է ավարտել իրագործելիության ուսումնասիրությունը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Դեսպանը նաև նշել է, որ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը TRIPP տարանցիկ և էներգետիկ միջանցքի իրականացմանը՝ միևնույն ժամանակ ձգտելով պահպանել Ռուսաստանի և Իրանի հետ կապերը։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։