Գերմանիայի Սաքսոնիա դաշնային երկրամասում գտնվող Բադ Դյուբեն քաղաքի իշխանությունները որոշել են վաճառել պատմական Շնադից ամրոցը։ Գույքի վաճառքի խորհրդանշական գինը 1 եվրո է։ Այս մասին հայտնել է Bild թերթը՝ հղում անելով տեղական վարչակազմին։
Գործարքի հիմնական նպատակն է գտնել ներդրողի, որը կստանձնի շուրջ 800 տարվա պատմություն ունեցող շինության վերականգնումը։ Տեղական շրջանի ղեկավար Մատիաս Միթի խոսքով՝ ամրոցի տեխնիկական վիճակը լուրջ վերանորոգման աշխատանքներ է պահանջում։
«Շինությունը կարևոր նշանակություն ունի ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ Սաքսոնիայի համար։ Արտաքին տեսքը ներկայումս անբավարար վիճակում է, և մեծածավալ աշխատանքներ են անհրաժեշտ, սակայն տանիքը դեռևս ջրակայուն է», – նշել է նա։
Շնադից ամրոցը ջրային միջավայրում կառուցված ամրաշինական համալիր է, որի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 1012 քմ։ Համալիրն ընդգրկում է ասպետական դահլիճ և երկու աշտարակ։ Ժամանակին կալվածքը պատկանել է ֆոն Ցաշնից ազնվական ընտանիքին։ Ընտանիքը հայտնի է դարձել գերմանական գրականության մեջ՝ շնորհիվ Հայնրիխ ֆոն Կլայստի (1777–1811) «Միխայել Կոլհաաս» վիպակի։ 1945 թվականին գույքային համալիրը պետականացվել է։ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության տարիներին ամրոցի տարածքում տեղակայված են եղել բնակարաններ, համայնքային վարչակազմ, փոստային բաժանմունք, մանկապարտեզ և կենցաղային սպասարկման օբյեկտներ։ 1990 թվականին Գերմանիայի վերամիավորումից հետո շինությունը երկար ժամանակ չի օգտագործվել։
2014 թվականին ամրոցը ձեռք են բերել ԱՄՆ-ից ժամանած մասնավոր ներդրողները։ Նրանք նախատեսում էին այնտեղ հյուրանոցային և ռեստորանային համալիր հիմնել։ Սակայն 2018 թվականին ֆինանսավորման անբավարարության պատճառով նախագիծը դադարեցվել է։ Վերակառուցման աշխատանքներում նախատեսված միլիոնավոր եվրոների փոխարեն ներդրվել է շուրջ 400 հազար եվրո։ Արդյունքում առուվաճառքի պայմանագիրը դատարանի միջոցով լուծարվել է, և գույքը վերադարձվել է համայնքի սեփականությանը։
Ինչպես հայտնում է Leipziger Volkszeitung-ը, գույքի վաճառքի մեկնարկային գինը կրկին սահմանվել է 1 եվրո։ Միևնույն ժամանակ փորձագետները ուշադրություն են հրավիրում գործարքի խիստ պայմանների վրա։ Տեղական իշխանությունների գնահատմամբ՝ պոտենցիալ գնորդը շինության հիմնանորոգման և վերականգնման համար պետք է ներդնի շուրջ 20 մլն եվրո։
Ներդրողի համար մեկ այլ բարդություն է ճարտարապետական հուշարձանների պահպանության պետական մարմնի պահանջների կատարումը։ Միթի խոսքով՝ վերահսկող մարմինները խստորեն հետևելու են վերականգնման աշխատանքների ընթացքին։ Դա կարող է զգալիորեն երկարաձգել նախագծի իրականացման ժամկետները։