Հնդկաստանի ՌՕՈւ-ի Իլ-76-ը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ վայրէջք կատարելով Հիմալայների ավիաբազայում
Հնդկաստանի ՌՕՈւ-ի Իլ-76ՄԴ ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռը համաշխարհային ռեկորդ է սահմանել այս տեսակի օդանավերի համար՝ վայրէջք կատարելով Հիմալայներում գտնվող՝ աշխարհի ամենաբարձրադիր օդանավակայանում։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել ծովի մակարդակից 4 175 մ բարձրության վրա գտնվող Նյոմա ռազմավարական ավիաբազայում։ «Սա նոր հանգրվան դարձավ Հնդկաստանի ռազմական ավիացիայի պատմության մեջ։ Իլ-76ՄԴ-ի վայրէջքը ցույց տվեց մոլորակի ամենադժվարամատչելի բարձրալեռնային շրջաններում զորքեր և սպառազինություն տեղակայելու Հնդկաստանի աճող կարողությունը», – հայտնել են ՌՕՈւ-ից՝ X-ում։
Ինչպես գրում է The Times of India թերթը, Իլ-76ՄԴ-ի ռեկորդային վայրէջքը ցույց է տվել ռուսական նախագծման այս ինքնաթիռի մեծ հնարավորությունները, ինչպես նաև դրա անձնակազմի բացառիկ վարպետությունն ու արհեստավարժությունը։
Նյոմա բարձրալեռնային ավիաբազան գտնվում է Հնդկաստանի հյուսիսային Լադաքհ միութենական տարածքի Դեմչոկ հատվածի շրջանում՝ Չինաստանի հետ փաստացի վերահսկողության գծի մոտ։