Գարեգին Բ․ Իշխանությունների որևէ միջամտություն եկեղեցու ներքին կյանքին անընդունելի է

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն Մայր աթոռում ընդունել է Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիին։ Հայտնում է Մայր աթոռի մամուլի ծառայությունը։

Միտրոպոլիտ Անտոնին կաթողիկոսին է փոխանցել Մոսկվայի և համայն ռուսիո Կիրիլ պատրիարքի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները՝ վերահաստատելով ռուս ուղղափառ եկեղեցու զորակցությունը հայոց եկեղեցուն։

«Նորին սրբազնությունն անդրադարձ է կատարել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում` անընդունելի նկատելով աշխարհիկ իշխանությունների կողմից որևէ միջամտություն եկեղեցու ներքին կյանքին»,– ասված է հաղորդագրությունում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել եկեղեցիների նկատմամբ տեղ գտնող բռնաճնշումներին և հետապնդումներին։ Ընդգծվել է, որ Աստծո ողորմությամբ, եկեղեցականների նախանձախնդիր ծառայությամբ և ժողովրդի ամուր հավատով կհաղթահարվեն բոլոր փորձություններն ու դժվարությունները։

Նշվում է, որ նորին սրբությունն իր երախտագիտությունն է հայտնել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի կողմից Հայոց եկեղեցուն և Հայոց Հայրապետի նկատմամբ մշտապես դրսևորվող ջերմ վերաբերմունքի և զորակցության համար ու իր ողջույնները փոխանցել նորին սրբություն Կիրիլ պատրիարքին։

Sputnik Արմենիա

Leave a comment