Ջրային ոլորտում խնդիրների մի հսկայական հատվածը կապված է մեր ընդհանուր քամահրական վերաբերմունքի հետ ջրի նկատմամբ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4–ին, Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մարդիկ մտածում են՝ «դե ջուր ա էլի, ի՞նչ առանձնահատուկ բան կա»։ Այսօր Հայաստանում ջրի սակագները արտահայտում են մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ։ Մենք ապրում ենք Հայաստանում, որը խորհրդային հետագիծ ունի, որտեղ արձանագրված է եղել, որ ջուրը ձրի է կամ շատ էժան է, բայց ջուրը ձրի կամ շատ էժան չի եղել երբեք։
Իմ նշած պրոբլեմների մի զգալի մասը, ներառյալ խմելու ջրի մատակարարման քանակի և որակի հետ կապված, Խորհրդային Միությունում էլ եղել են։ Իմ նշած շղթան մենք չենք ամբողջացնի, եթե այս ամեն ինչի հիմքում չլինի համակարգի ծախսարդյունավետության բանաձևի որոշումը։
Նախ պետք է օբյեկտիվ սակագին որոշել և անդրադառնալ, թե այդ սակագնի որ մասը, ով ինչպես պետք է վճարի։ Այսինքն սակագինը մի խնդիր է, սակագրի վճարման բանաձևերը երկրորդ խնդիրն են։
Հաջորդը մենք պետք է ի վերջո, ջրի շուկան ազատականացնենք։ Այսօր մենք նույն ոռոգման ոլորտում գին ենք սահմանել, որի ուղիղ կեսը կառավարությունը սուբսիդավորում է, բայց սահմանված գինը չի արտահայտում իրականությունը։
Կա նաև ուրիշ պրոբլեմ, այսօր Հայաստանում կան տնտեսվարողներ և ներդրողներ, որոնք ասում են՝ մենք վճարում ենք ջրի համար, վաճառեք մեզ ջուր։ Իրականում այս հնարավորությունները ՀՀ–ում սահմանափակ են առնվազն մեր ունեցած կանոնակարգերի պատճառով։ Մենք պետք է նաև կարողանանք ջրի շուկա ձևավորել, և սա է այն բարեփոխումը, որը նաև ջրային ոլորտում մասնավոր ներդրումների խթան կհանդիսանա։ Որովհետև եթե լինի հնարավորություն և համակարգ և որոշակի քաղաքական ուղերձ, որ կարող են ներդրումներ լինել ջրի ոլորտում և ոռոգման ջուրը, մասնավորապես, կարող է շուկայական հարաբերությունների առարկա լինել, սա նույնպես կարող է էականորեն փոխել իրադրությունը և ընկալումը և վերաբերմունքը»,–ասաց վարչապետը։
News.am