Իմ առավոտները ես արդեն սկսում եմ մի արտահայտությամբ՝ ողջույն, դիկտատուրայի երկիր Հայաստան. Մետաքսե Հակոբյան

-Մենք՝ արցախցիներս, միջազգային կառույցներից ու դերակատարներից առանձնապես մեծ ակնկալիքներ դեռեւս չունենք:  Այն, ինչ տեսանք 2020-ին ու դրան հաջորդող տարիներին՝  մասնավորապես տեղահանման ժամանակ, միջազգային համատարած լռությունը, իհարկե,  նաեւ  ՀՀ իշխանության քարոզչության  ֆոնով էր պայմանավորված լռությունը, բայց բնական է , որ մեծ հույսեր չենք կապում,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Վենսի հայաստանյան ու այնուհետեւ Բաքու կատարած այցի շրջանակում հայ գերիների հարցի հնարավոր լուծմանը վերաբերող սպասելիքներին:

-Բայց դա չի նշանակում, որ ամեն անգամ պետք է համակերպվենք դրա հետ ու չփորձենք բարձրացնել մեր ձայնը, ինչը փորձեցինք անել ԵՄ հանձնակատարի այցի, ինչպես նաեւ Վենսի՝ նախագահական գալու օրը: Ես կարծում եմ՝ ցանկացած պարագայում միջազգային հանրության ուշադրությունը պետք է անընդհատ պահել ՀՀ վրա, մասնավորապես՝ հումանիտար խնդիրների վերաբերյալ:  Ինչքան էլ այս իշխանությունները ներկայացնեն, որ լուռ աշխատանքներ են անում, հենց իրենց ձեռքով բոլոր հումանիտար խնդիրները վերածեցին քաղաքական հարցերի, սկսվեց քաղաքական առուվաճառք տեղի ունենալ դրա շուրջ: Ամեն դեպքում, հույս ունենք ՝ ԱՄՆ-ն իր բռնած ուղով գնալու ճանապարհին, կփորձի երեւի թե ինչ-որ մի բան անել ու հուսով  ենք՝ մեր հայրենակիցները դրա արդյունքում կվերադառնան իրենց ընտանիքներ,- հավելեց Հակոբյանը:

Անդրադառնալով Վենսի` հայոց ցեղասպանության հիշատակման վերաբերյալ գրառմանն ու դա ջնջելուն՝ Հակոբյանը նկատեց, որ դա առաջին անգամը չէ, երբ միջազգային դերակատարը այդպիսի պահվածք է ունենում, նախորդ  տարիներին էլ ենք նման գրառումների գրել-ջնջելուն ականատես եղել. «Այն պարզաբանումը, որ տվեցին, ոչնչի մասին էր` խուսափելու Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումից: Այդ երկակի ստանդարտները,  որ կիրառվում են մեր նկատամամբ, հասկանում են՝  հայերի մեծ համայնք ունենք ԱՄն-ում, որոնք դերակատարություն են ունենում նաեւ ընտրությունների ժամանակ, գրառումը նաեւ հաճոյանալու համար էր, հետագային պատրաստվելու համար էր: Այնուհետեւ շատ հանգիստ ջնջեց՝ մտածելով, որ մարդկանց հիշողության մեջ միեւնույնն է ՝ մնալու է այդ գրառումը, տեխնոլոգիաներ են, որոնք կիրառում են: Հենց սրանով պետք է հասկանանք՝ որեւէ պետություն շահագրգռված չի լինելու մեր փոխարեն անել այն, ինչ մենք ենք անում»:

Անդրադառնալով «Հաղթանակ» դաշինքի անդամների նկատմամբ այսօր վաղ առավոտից սկսված գործողություններին՝  ձերբակալություններին, Մետաքսե Հակոբյանն ասաց. «Իմ առավոտները ես արդեն սկսում եմ մի արտահայտությամբ՝ ողջույն, դիկտատուրայի երկիր Հայաստան: Մենք 2018-ից տեսնում ենք բռնաճնշումները, երբեւէ ՀՀ-ն այսքան քաղբանտարկյալ չէր ունեցել: Շատերի մասին մենք նույնիսկ տեղյակ էլ չենք: Գյումրին չմարսեցին, տեսանք՝ ինչ տեղի ունեցավ, Մասիսը  չեն մարսել, հիմա մենք պարոն Համբարձումյանի դատին ենք, բնական է՝ չեն մարսելու Էջմիածինը: Ընտրակաշառք  բաժանող իշխանությունը սուտ մեղադրանքները կարում է ընդդիմադիր ուժերի վրա ու փորձում դրանով տապալել այն ամբողջ աշխատանքը, որ կատարել են»

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment