Պեսկովը հայտարարել է, թե ատոմային ոլորտում ռուսական նախագծերն ԱՄՆ-ից էժան ու լավն են

Քաղաքականություն

11.02.2026 | 15:28

Մոսկվան  հույս ունի շարունակել համագործակցությունը Երևանի հետ ինտեգրացիոն նախագծերի շուրջ, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հարավային Կովկաս այցը և խոշոր համատեղ նախագծերի ծրագրերի մասին հայտարարությունները, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ Հայաստանի հետ միավորում են ինտեգրացիոն նախագծերը։ Դժվար թե որևէ մեկը վիճարկի ԵՏՄ-ի դերն այս երկրի տնտեսական զարգացման բարձր տեմպերի պահպանման գործում. դրա դերը ակնհայտ է։ Եվ մենք հույս ունենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի»,- ասել է նա։

Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ «Ռուսաստանի միջուկային կոմպետենտությունն ավելի մեծ է», քան Միացյալ Նահանգներինը, իսկ ծառայությունների արժեքը ցածր է։

«Ինչ վերաբերում է ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի և ԱՄՆ համագործակցությանը, այնտեղ կան հին խորհրդային օբյեկտներ։ Այստեղ Ռուսաստանն անկասկած ունի ավելի մեծ կոմպետենտություն և ավելի մեծ մրցունակություն։ Եվ որպես այս ոլորտում աշխարհի ամենաառաջադեմ երկիրը՝ Ռուսաստանը կարող է դիմակայել միջազգային մրցակցության ամենաբարձր մակարդակին, եթե նման մրցակցությունը պահանջված լինի գործընկերների կողմից։ Այսինքն՝ Ռուսաստանը կարող է ապահովել ավելի լավ որակ երկար տարիների համար՝ ավելի ցածր գնով»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment