«Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ՝ ոչ քաղաքական մակարդակում։ Քաղաքական անձինք մեզ հետ չեն հանդիպել։ Քանի որ ՀՀ-ում գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է գերիների, անհայտ կորածների հարցերով, հանձնաժողովի ներկայացուցիչ է եղել»,- հարցին՝ ինքը և Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն ո՞ւմ հետ են հանդիպում ունեցել, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց՝ բազմաթիվ հարցեր են քննարկել․ «Մեկը Կարմիր խաչի գործունեության պայմաններում այցելությունների հնարավոր ստեղծումն է, երրորդ երկրի միջոցով ՀՀ կողմից հյուպատոսական ծառայություն մատուցելը Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին և երկրորդը՝ մարդասիրական նախաձեռնությունների իրականացումը։ Տիկին Զոնաբենդը ցանկանում է իրավապաշտպան կանանց խումբ տանել Ադրբեջան և նաև Ադրբեջանի ՄԻՊ-ի հովանու ներքո կարողանալ մուտք գործել այն փակ հաստատություն, որտեղ պահվում են հայերը և նրանց փոխանցել անձնական իրեր, լուսանկարներ»։
Հարցին՝ Բաքվից վերադարձած 4 գերիների հետ հանդիպում ունեցե՞լ է, որևէ դրվագ պատմե՞լ են այնտեղ պահվող մեր մյուս պատանդների մասին, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Բնականաբար, հանդիպումներ եղել են։ Ես անմիջականորեն խոսել եմ, տարաբնույթ հարցադրումներ եմ ուղարկել 4 հայրենադարձվածներին, նրանից երկուսը նաև իմ վստահորդներն են և նրանց առնչությամբ ՄԻԵԴ-ում ընթացող դատավարություններ ունենք»։
Սիրանուշ Սահակյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: