Ադրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ ՀՀ-ն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ են սովորում ադրբեջանցի դպրոցականները․․․

Այս ադրբեջանցի երեխաներին հավաքել են, որ պատմեն վտանգավոր հեքիաթներ այն մասին, թե հարևանությամբ գտնվող Հայաստանը իրենց «պատմական հողն է», իբր իրենք էդ հողի հետ կապված «իրավունքներ» ունեն։

Ադրբեջանի քաղաքային համայնքների ազգային ասոցիացիայի և Նարիմանովի քաղաքապետարանի նախագահ, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքի տնօրենների խորհրդի անդամ, համայնքի Նարիմանովի կազմակերպության նախագահ Թամրազ Թաղիևը այս երեխաներին ուղղված իր խոսքում ընդգծել է, որ Իլհամ Ալիևի «Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է…» գաղափարը համայնքի գործունեության հիմնական սկզբունքներից մեկն է։

Այս նյութը երեկ իր կայքում տեղադրել է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը։ Նյութում նշված է, որ այս քննարկման համար հյուրընկալվել է 70 աշակերտ։

Սա պետական քաղաքականություն է, որը փաստում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության Հայաստանի հետ, Ադրբեջանը, մեծ հաշվով, իր սերունդը պատրաստում է ապագա պատերազմի։

Սա ցավալի է, բայց ազդակ է, որը չի կարելի անտեսել։ Դրա համար եմ ասում՝ ես չեմ ուզում, որ մեր այսօրվա անգործության գինը վճարեն մեր սերունդները․․․»։

Leave a comment