«Եթե ՌԴ-ն ռազմաբազան դուրս բերի ՀՀ-ից, Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է այն բովանդակությամբ փաստաթուղթ, որը տարիներ առաջ ստորագրել է Սամվել Շահրամանյանը». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։
-«Եթե Հայաստանը կարծում է, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարիք չունի, մենք հենց վաղն էլ կհեռանանք։ Բայց ՀՀ-ն դրան պատրա՞ստ է, մենք ոչ մի բան չենք պարտադրի։ Եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ լինի ռուսական բազա, ապա մենք կմնանք և կաշխատենք ու կգործակցենք»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Առաջիկայում էլ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա՝ «համատեղ աշխատանքը յուրաքանչյուր ուղղությամբ խիստ վերլուծության ենթարկել» երկու կառավարությունների մասնագետների հետ։ Հետեւությունը ո՞րն է. ՌԴ-ն ունի՞ որոշում ՀՀ-ից իր ռազմաբազան հանելու եւ այժմ գործընթացը մտնում է կատարման փուլ՝ մասնագետներն էլ կդետալիզացնեն՝ ինչն ինչպես անել։
-ՌԴ-ն Հայաստանից դուրս գալու նպատակ, մտադրություն, ցանկություն չունի եւ չի էլ ունեցել։ ՌԴ նախագահի խոսքն արձագանք էր Նիկոլ Փաշինյանի գործողություններին։ Նիկոլ Փաշինյանը, եթե հիշում եք, վերջերս ասաց, որ երկու միլիարդ դոլար կարող են պահանջել, որպես վարձավճար՝ ինչ-որ մի բանի համար։ Այդ երկու միլիարդը չէր վերաբերվում երկաթգծի լիցենզիային, կոնցեսիոն պայմանագրի փոփոխությանը։ ՌԴ-ում դա ընկալել են որպես ազդակ՝ 102-րդ ռազմաբազային վերաբերվող։ Բացի այդ, ամեն ինչ գրված է ՀՀ կառավարության ծրագրում. համեմատեք 2021 թվականի ծրագիրը եւ 2026 թվականին ընդունված ծրագիրը՝ ՌԴ դերը, նշանակությունը Հայաստանի անվտանգային, քաղաքական, աշխարհաքաղաքական գործունեության մեջ, էականորեն նվազեցված է։ ՌԴ նախագահն էլ հնարավորինս ընդունեց այդ խաղի կանոնը, ասաց, եթե ուզում եք հանենք՝ հանենք. ոչ մի երկու միլիարդ վարձավճար չի լինելու, բայց արդյոք ՀՀ–ն պատրաստ է։
Սրան պետք է ավելացնել նաեւ հաջորդ հարցը՝ ո՞վ է լինելու թիվ մեկ շահառուն, եթե ՌԴ–ն Հայաստանի տնտեսական, քաղաքական էլիտայի գործունեության կամ անգործության հետեւանքով դուրս գա ՀՀ–ից։ Լինելու են Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք չեն հանդուրժի Հարավային Կովկասում կազմակերպչաքաղաքական միավոր, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն։
-Եթե իրադարձություններն այդ սցենարով զարգանան՝ ՌԴ-ն դուրս բերի ռազմաբազան ՀՀ-ից, ի՞նչ է սպասվում Հայաստանին եւ տարածաշրջանին։
-Շատ կարճ. Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է այն բովանդակությամբ փաստաթուղթ, որը տարիներ առաջ ստորագրել է Սամվել Շահրամանյանը՝ որով այս պահի դրությամբ վերջ է դրել Արցախի Հանրապետության գոյությանը։ Ինքնախաբեությամբ չտառապենք. այլ ավարտ այս սցենարը չի կարող ունենալ։
– Հնարավո՞ր է, այնուհանդերձ, ՌԴ-ն մնա Հայաստանում, առհասարակ, Հարավային Կովկասում չզիջելով իր դիրքերը։ Ի՞նչ գործոնների դեպքում է դա հնարավոր։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին այցը Մոսկվա եւ ռուսական կողմի հետ բանակցություններն ի՞նչ են հուշում։ Ինչո՞ւ Ուկրաինայում գործողությունները կրկին ինտենսիվ փուլ մտան։
– Կրկնեմ՝ ՌԴ-ն չի պատրաստվում ՀՀ-ից դուրս գալ, Հարավային Կովկասից դուրս գալ։ Եթե մի կողմ ենք թողնում անգամ Հայաստանի գործոնը, եթե պատկերացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին համահունչ հանգեցնի Հայաստանի պետականության լուծարմանը, ինչի մասին ժամանակին ասում էր նաեւ Ալլահշուքյուր Փաշազադեն՝ քննադատելով Վեհափառին եւ Սուրբ Էջմիածնի գործունեությունը, ՌԴ-ն շարունակելու է մնալ Հարավային Կովկասում: Եթե ես չեմ սխալվում, իսկ ես չեմ սխալվում, Աբխազիան եւս Հարավային Կովկասի մաս է եւ Աբխազիան ՌԴ-ի հետ ունի ռազմական, քաղաքական, ռազմածովային ներկայություն։ ՌԴ-ն դիրք կկորցնի, եթե Հայաստանից դուրս գա կամ այսպես ձեւակերպենք՝ Հայաստանից դուրս հրավիրեն նրան, բայց դրանից հետո ՌԴ-ն չի փլուզվելու։
Ինչ վերաբերում է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցին ՌԴ, ապա, այո, տրամաբանությունը հուշում է, որ իրենք քննարկել են ոչ միայն ռուս-ուկրաինական հակամարտությունը, այլ ավելի լայն համատեքստ, այդ թվում նաեւ մեր տարածաշրջանին վերաբերող հարցեր, ինչը շատ բնական է, որովհետեւ մենք խոսում ենք երկու գերտերությունների մասին։
Իսկ Ուկրաինայի մասով բանակցությունների ինտենսիվացումը պայմանավորված է հետեւյալով. ՌԴ–ն անցել է այն տեսակ գործողությունների, որոնք արդեն ոչնչացնում են Ուկրաինայի ոչ միայն ռազմական ենթակառուցվածքները, այլ ուղիղ ազդեցություն են ունենում Ուկրաինայի տնտեսության գործունեության վրա։ Էներգետիկ համակարգի մասին չենք էլ խոսում։ Կա անհրաժեշտություն՝ արագորեն դադարեցնել պատերազմը։ Այդ անհրաժեշտությունը՝ հարգարժան արեւմտյան գործընկերների, Ուկրաինայի, Թուրքիայի ընկալմամբ է նաեւ. արագորեն դադարեցնել շփման գծում ռազմական գործողությունները, որպեսզի թույլ չտրվի ուկրաինական պետականության փլուզումը։ Բայց ՌԴ–ն դրան դեմ է։
-Ռուսական կողմից հնչող հայտարարություններից եւ ՌԴ պաշտոնյաների կեցվածքից, այդ թվում նաեւ ՀՀ գործող իշխանության նկատմամբ վերաբերմունքից, խոսքը վերընտրության համար հրապարակային չշնորհավորելու մասին չէ, այլ տողատակում բավական լոյալ վերաբերմունքի, տպավորություն է, որ որոշումները ՌԴ-ում վերլուծվել եւ կայացվել են եւ դրանց կատարումն ապահովվում է ՀՀ գործող իշխանության ձեռամբ՝ արտաքուստ հակասությունների մասին պատկեր ստեղծելով։
-Եթե փորձենք ձեր հարցը վերաձեւակերպել, ստացվում է հետեւյալը՝ Նիկոլ Փաշինյանը՝ Վլադիմիր Պուտինի, կամ՝ Կրեմլի, կամ՝ KGB գործակալ է եւ Նիկոլ Փաշինյանի գործոնը ՌԴ-ն օգտագործում է՝ տարածաշրջանը լքելու համար իր վրայից պատասխանատվությունը թոթափելու համար։ Այս խոսակցությունները եւ 2018 թվականին կային, 2020-ին ավելացան, բայց դեպքերի վերլուծությունը հուշում է հետեւյալը. օրինակ, եթե ՌԴ–ն իսկապես ցանկանար տարածաշրջանից դուրս գալ՝ օգտագործելով Նիկոլ Փաշինյանի գործոնը, կարող էր 2020 թվականին չկանխել Արցախի մայրաքաղաքի անկումը, թույլ տալ, որ ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի Հանրապետության տարածք։ Հիշեք ինչ էին պատմում պատերազմական գործողությունների մասին Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցությունների մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որ Փաշինյանն ինքը դիմել էր ռուսական սահմանապահ զորքերին՝ խնդրելով ռուսական սահմանապահ զորքերի ուղեկալներ տեղակայել Հայաստանի սահմանին, որ Ադրբեջանը չանցնի ռազմական գործողությունների։ ՌԴ–ն այդ բոլոր հարցերը կարող էր փակել 2020-ին՝ թույլ տալով Արցախի վերջնական անկում, պատերազմի՝ Հայաստան տեղափոխվելը եւ դրանից բխող հետեւանքներով։
ՌԴ վերաբերմումքի վերափոխումը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ շատ պարզ տրամաբանություն ունի. եկեք բացենք 2021 թվականի կառավարության ծրագիրը եւ 2026 թվականի կառավարության ծրագիրը, սրա հետ մեկտեղ վերլուծենք այս տարիներին տեղի ունեցած իրադարձությունները՝ սկսած ԵՄ անդամակցության վերաբերյալ օրենքի ընդունումը, Արցախի հանձնումը, որպես ՌԴ–ին տարածաշրջանից դուրս բերելու կարեւորագույն գործոն, ինչի պատասխանատվությունը նույնպես դրվեց ՌԴ–ի վրա, կհասկանաք ՌԴ գործողությունների տրամաբանությունը. եթե 2021 թվականի ծրագրում դու ՌԴ–ին դիտարկում ես որպես ռազմավարական դաշնակից, խոսում ես Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի մասին, եթե դու պահում ես Արցախը հայկական պահելու պատուհան, իսկ 2026-ին ՌԴ–ին Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններում տալիս ես 8-րդ տեղը, փակում ես Արցախի հարցը, ԱԺ–ում քո ելույթի ժամանակ ՌԴ–ին փաստացի մեղադրում ես ցեղասպանության համար, պարզ է, որ ՌԴ–ն համապատասխան վերաբերմունք է դրսեւորելու քո նկատմամբ, քո վարած քաղաքականության նկատմամբ եւ նաեւ, ցավոք, քո երկրի նկատմամբ։
Տեսեք, մի խնդիր էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետեւանքով մենք ենք տուժում, ինքն ամեն ինչ անում է մեր հաշվին. ՌԴ–ի հետ ինչ–որ հարցեր լուծելու համար ինքը հանձնեց Արցախը, 150 հազար մարդ մնաց առանց տուն, հիմա այդ մարդկանց կենցաղային խնդիրները մեծամասամբ չի կարողանում լուծել։ Ինչ–որ խնդիրներ կարգավորելու համար, բերել է մեզ մի կետի, երբ ՌԴ–ն արգելել է հայկական ապրանքների արտահանումը ռուսական շուկաներ։ Բա որ ՌԴ–ից սկսեն ՀՀ քաղաքացիներին վտարե՞լ։ Ինչո՞ւ է ամենը մեր հաշվին անում։ Լավ, փոխում ես ԵՄ, փոխիր, բայց այնպես արա, որ ՌԴ–ն քո հետ ավելի չթշնամանա։
Երբ սկսվեց ուկրաինական պատերազմը՝ ՌԴ–ն շահագրգիռ էր նրանում, որ Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ ունենա ԵՄ–ի հետ եւ Mobayl Centr-ի հայտնվելը մեր խոշոր հարկատուների ցուցակում հենց դրա վկայությունն է։ ՌԴ–ին ձեռնտու է, որ Հայաստանը չմիանա ՌԴ դեմ պատժամիջոցներին, միեւնույն ժամանակ այն տեսակի բարիդրացիական հարաբերություններ ունենա ԵՄ–ի հետ, որ ԵՄ–ն այստեղ ապրանքներ մատակարարի ՌԴ–ում վաճառքի համար, ՌԴ–ն ապրանքներ մատակարարի՝ Չինաստան, ԵՄ, ԱՄՆ վերավաճառքի համար։ Ու մենք հենց այս տրամաբանությամբ էլ աշխատում էինք։ Նիկոլ Փաշինյանին ո՞վ էր խնդրում ԵՄ անդամակցության մասին օրենքը ընդունել, Վլադիմիր Զելենսկուն այստեղ ընդունել, հանձնել Արցախը՝ միայն ՌԴ–ին վնասելու համար, կառավարության՝ այս տեսակ ծրագիր գրել. սա է խնդիրը։ Այս մարդն ինչ անում է՝ մեր՝ հայերիս հաշվին է անում՝ ՀՀ–ում ապրողների, ՀՀ քաղաքացիների հաշվին։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Հ. Գ. Պատասխանելով 102-րդ ռազմաբազայի մասին ՌԴ նախագահի հայտարարության վերաբերյալ լրագրողի հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այս ընթացքում ոչ մի անգամ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը չենք բարձրացրել. «Էնպես էլ չի, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել, բայց մենք երբեք էս ընթացքում էդ հարցը չենք բարձրացել»։
«Առավոտ» օրաթերթ
04.09.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: