«Գերիների ազատ արձակումը նախ և առաջ ենթադրում է անմիջական քաղաքական լուծում, քանի որ գերեվարումն ինքին կապված է հակամարտության հետ»,- ասուլիսում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց, որ այդ անձանց անազատության մեջ պահելն առնչություն ունի հակամարտությանը, հակամարտության լուծումը, փակումը պետք է առաջ բերի անազատության մեջ պահվող անձանց ազատ արձակում, հայրենադարձում իրենց քաղաքացիության երկիր։
«Հակամարատության դադարն առաջ է բերում անհապաղ ազատ արձակման պարտականություն։ Սակայն գիտենք, որ գերիների խնդիրը օգտագործվում է պատանդային դիվանագիտության նպատակով, հակամարտության կարգավորման պրոցեսում գործիքայնացվում է որպես լծակ, պարտություն կրած կողմը, հասկանալի է, որ թույլ դիրքերից է հանդես գալիս։ Քաղաքական ճանապարհը կարող է տևական ժամանակ արդյունք չտալ։ Մեր պարագայում ունենք արձանագրում, որ շուրջ 210 գերիներ հայրենադարձվել են, մյուս կողմից գիտենք, որ հատուկ հանգամանքների դասավորմամբ, գերեվարվել են Արցախի նախկին ղեկավարները, այդ հարցում ավանդ բերած, մարդասիրական կողմը միջազգայի հանրությանը բարձրաձայնած անձինք, նրանց արժեքը պատանդային դիվանագիտության տեսանկյունից այլ է, այս պայմաններում պետք է նաև ապավինել մարդու իրավունքների իրավական պաշտպանությանը»,- ասաց Ս. Սահակյանը։
Անդրադառնալով գերեվարված Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը՝ ստեղծել կանանց միջազգային հումանիտար պատվիրակություն, որը սեպտեմբերին կմեկնի Բաքու, Սահակյան ասաց «Հանդիպում տեղի է ունեցել, ներկա են եղել ԱԳ նախարարության ներկայացուցիչներ՝ ոչ քաղաքական մակարդակում։ Քանի որ Հայաստանում գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է գերիների և անհետ կորածների հարցերով, հանձնաժողովից է ներկայացվածության եղել։
Բազմաթիվ հարցեր ենք քննարկել, կարևորություն ներկայացնող երկու հարցադրում կա՝ Կարմիր խաչի գործունեության դադարի պայմաններում այցելությունների հնարավորությունների ստեղծումը երրորդ երկրի միջոցով, երկրորդ՝ մարդասիրական նախաձեռնությունների իրականացումը»։
Մանրամասն՝ տեսանյությում։