ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման շուրջ խոսակցություններից՝ նշելով, որ թե դուրս է գալիս ռազմաբազան, ապա ժամանակի հարց է նաև սահմանապահ զորքերի դուրսբերումը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Ըստ նրա՝ այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո:
«Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման առումով առարկություն չունի, և որ դրա ներկայությունը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն չէ:
Մոսկվան իր ռազմական ներկայությունը ՀՀ-ում ներկայացնում է ոչ միայն տվյալ ռազմաբազայի, այլև սահմանապահ զորքերի միջոցով:
Եթե դուրս է գալիս ռազմաբազան, ապա ժամանակի հարց է նաև սահմանապահ զորքերի դուրսբերումը, ընդ որում՝ չի բացառվում, որ Մոսկվան չի էլ սպասի պաշտոնական Երևանի նախաձեռնությանը:
Մի կողմ դնելով թեմայի աշխարհաքաղաքական հանգամանքը՝ մի պարզ հարց եմ ուզում հասկանալ. իսկ ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո: Վարժական հավաքների մասնակիցնե՞րը, «Պաշտպան հայրենյաց»-ի խմբե՞րը, թե՞ կրճատված ժամկետային ծառայողները»,-գրել է նա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազայի կարիք չունի, ապա Ռուսաստանը պատրաստ է վաղն իսկ այն դուրս բերել։
Փաշինյանը հայտարարել է, որ Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ քննարկում չի եղել։ Նա նշել է, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ տարածքում կենսական անհրաժեշտություն չէ: