«Եթե մարդուն պատգարակի վրա տանում են դատարան, կալանավորում, սա խոշտանգում է»․ Էլինար Վարդանյան

«Մենք ականատես ենք եղել, թե ինչպես են լավագույն դատավորները հեռացվում են համակարգից, քանի որ կայացրել են այս իշխանության ցանկություններից չբխող որոշումներ»,- Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցող վերջին զարգացումներին, ասաց «Առաջարկ Հայաստանին» թիմի անդամ Էլինար Վարդանյանը։

Հարցին՝ ըստ Ձեզ, պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում, թե թալանի հետևանքներն են, Էլինար Վարդանյանը պատասխանեց․ «Եթե քաղաքական հետևանքով և ազդեցություն ունենալու նպատակով է այդ ամենն արվում, կարող ենք այստեղ քաղաքական ենթատեքստ տեսնել։ Ուզում եմ անդրադառնալ իր խափանման միջոցի քննարկման հանգամանքին․ դա այլ կերպ, քան խոշտանգում կոչել չի կարելի։ Եթե մարդուն պատգարակի վրա տանում են դատարան և դատարանում քննում են կալանքի հարցը, այդ նույն վիճակում կալանավորում են, սա անմիջական խոշտանգում է։ Որևէ հիմքով չի կարող արդարացվել խոշտանգման կիրառումը։ Թողնենք մի կողմ նպատակներն ու դրդապատճառները․ այն, ինչ կատարվում է, դա արդարադատության իրականացում չէ։ Դա հանրության վրա ազդելու միջոց է, ազդակ է, որ եթե մարդուն, որն անկողնային վիճակում է, կարող են տանել դատարան, ապա որևէ մեկդ չհամարձակվեք այս իշխանությանը լինեք այլախոհ»։

Լրագրողների փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Խաչատրյանին համարեց սիմուլյանտ, նաև ասում են, որ նա չի համաձայնել անցնել բժշկական հետազոտություն, որպեսզի իրեն այդ վիճակում տանեն դատարան, Էլինար Վարդանյանն արձագանքեց․ «Որևէ մեկը պարտավոր չէ ենթարկվել այս իշխանությունների և նրանց ենթակա իրավապահ համակարգի կամայականություններին։ Մարդու որոշումն է՝ հրաժարվել բժշկական հետազոտությունից։ Այս պարագայում այդ իշխանությունը տպավորություն է ստեղծում, որ ամեն ինչ եղել է օրենքի շրջանակում, այնտեղ խոշտանգում չկա, դա խոսում է այն մասին, որ վաղուց ոչ ժողովրդավարական երկրում ենք ապրում։ Իշխանությունները պետք է փորձեն արդարացնել իրենց կողմից իրականացվող հակաօրինական գործողությունները»։

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment