«Վաղը, որ ռուսական ռազմաբազան չլինի, ո՞վ է կանգնեցնելու թուրքական ներխուժումը»․ Էդուարդ Շարմազանով

«102-րդ ռազմաբազան անվտանգության երաշխիք է, որը 2020-ին չօգտագործեցին այս իշխանությունները։ Իրենք ՀԱՊԿ-ով են դիմել, այդ մասով չեմ ուզում մեկնաբանություն անել, մենք էլ այդ մասով հարցեր ունենք»,- Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե ռուսական 102-րդ ռազմաբազան կենսական նշանակություն չունի ՀՀ-ի համար։

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ այս իշխանությունը փոխում է ՀՀ աշխարհաքաղաքական վեկտորը և փորձում ՀՀ-ն գլադիատոր դարձնել օտար խաղացողների ձեռքում․ «Այն մարդիկ, որոնք այսօր դատվում են, պաշտպանում են ՀՀ պետական շահը։ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն մեկ անգամ չէ, որ խոսել են համազգային համերաշխության, հայ-ռուսական հարաբերությունների մասին։ ՀՀ-ն մեծ ընտրություն չունի․ կամ պետք է լինի ՌԴ դաշնակիցը կամ Թուրքիայի նոքյարը։ Այս մարդիկ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կողմնակիցն են, մենք՝ ևս։ Դա բխում է հայ ժողովրդի շահերից։ Երբ ռուսական ռազմաբազան այստեղ է եղել, ունեցել ենք պետականամետ իշխանություն և պետականամետ ընդդիմություն, մենք խնդիր չեք ունեցել։ 1992-1993-ին Թուրքիան երեք անգամ ծրագրում էր չափավոր հարված հասցնել ՀՀ-ին, և միայն ՌԴ-ի կոշտ արձագանքը՝ 1995-ից սկսած ռուսական ռազմաբազայի առկայությունը կանգնեցրել է Թուրքիային։ Վաղը, որ ռուսական ռազմաբազան չլինի, ո՞վ է կանգնեցնելու թուրքական ներխուժումը»։

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment