Երևանի քրեական դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթանում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս 17 անձանց գործով դատավարությունը։
Այսօր դատարան են հրավիրել զենքերի փորձաքննություն անցկացրած երկու փորձագետների՝ փորձագիտական եզրակացությունների հետ կապված պարզաբանումներ ներկայացնելու։
Դատարանը լսեց ՀՀ Քննչական կոմիտեի «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ հիմնարկի պայթունատեխնիկ փորձագետ Ուդումյանին։ Նրան հարցեր ուղղվեցին ամբաստանյալներից մեկի տանից հայտնաբերված վառոդի շուրջ, որի մասին փորձագիտական եզրակացության մեջ նշվել է, որ այն հանդիսանում է նետողական-պայթուցիկ նյութ։
Փորձագետը պարզաբանեց, որ նետողական նյութին բնորոշ է այրվելը կամ փշրվելը, այդպես է մասնագիտական գրականության մեջ։ Ըստ եզրակացության, համեմատական նմուշների բացակայության պայմաններում հնարավոր չէ եղել պարզել գործարանային նմուշի՞ է վառոդը, թե՞ չէ։
Փաստաբաններից մեկը նշեց, որ փորձագետները պարտավոր են նմուշներ ունենան իրենց ձեռքի տակ։ «Դուք փորձե՞լ եք ռուսական արտադրության վառոդ վերցնել ու համեմատել»,-հարցրեց փաստաբանը։
Այս փորձագետը նշեց, որ համեմատական հետազոտությունն իր գործառույթի մեջ չի մտնում։ Նա առաջարկեց հարցնել քիմիկին, թե կա՞ արդյոք համեմատական հետազոտության մեթոդ։
Փաստաբաններից մեկն էլ նշեց, եթե որևէ փաստաթղթի տակ տեսնում են ստորագրություն, դա նշանակում է ստորագրող անձը հաստատել է, բայց ստացվում է, որ բոլոր հանգամանքները չեն, որ այս փորձագետը կարող է հաստատել։ Փորձագետը նշեց, որ այստեղ խնդիր չկա, քանի որ համալիր փորձաքննություն է, փորձաքննական եզրակացության մեջ առկա է դատատեխնիկական մաս, դրա համար առկա է իր ստորագրությունը։
«Կներեք, դուք տեղյա՞կ եք՝ ինչ քրեական գործով եք փորձաքննություն տվել, ասենք գողություն է, ինչ է․․․ Ծանո՞թ եք՝ ինչ գործի համար եք այստեղ»,-հարցրեց այս գործով անցնող ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։
«Այո»,-ասաց փորձագետը։
Ամբաստանյալներից մեկն էլ հարցրեց, թե ազատ վաճառվո՞ւմ է վառոդը խանութներում, որին ի պատասխան՝ փորձագետն ասաց՝ ի՞նչ իմանամ։
«Եթե փորձագետը չի գնացել, իմացել, որ տուփով են վաճառում խանութում․․․»,- ասաց Բագրատ Սրբազանը։
«Եթե վառոդը «Սոկոլ» տեսակի է, դա նշանակում է, որ օգտագործում է որսորդության մեջ՝ թռչնի համար, դրա ուժն այնքան բարձր չէ, որ օգտագործվի արջ կամ մարդ կամ խոզ խփելու համար, օգտագործվում է թռչունների՝ բադի, լորի համար։ Հիմա այստեղ հայտնաբերվել են որսորդական փամփուշտներ, առգրավված զինամթերքի էդ վառոդով ի՞նչ կարելի է անել՝ մարդ խփե՞լ, կենդանի խփե՞լ»,- հետաքրքրվեցին փորձագետից։
«Որպես մասնագետ՝ ես իմ եզրակացությունը ներկայացրել եմ, թե հիմա մարդ կխփի, թե ինչ․․․», -պատասխանեց փորձագետը։
Նրան նաև հարցրեցին, թե կարո՞ղ են բոլորի աչքի առաջ ցույց տալ դրա պայթուցիկ լինելը։
«Առաջարկում եմ պարոն Ուդումյանին հանգիստ թողնել, որովհետև իր լիազորությունների սահմաններում չէ»,-միջամտեց Բագրատ Սրբազանը։
«Էդ վառոդով ձի են խփո՞ւմ, արջ են խփո՞ւմ, որ գրել եք նպատակային օգտագործման համար է»,- դարձյալ հետաքրքրվեցին փորձագետից։
«Ինքը այրվում է, դրանով փամփուշտը լիցքավորվում է, օգտագործվում է», -պարզաբանեց Ուդումյանը։
Հարցեր ուղղվեցին նույն կառույցի գլխավոր փորձագետ Հրայր Բաղդասարյանին, որից հետաքրքրվեցին, թե ճի՞շտ են հասկանում, որ վառոդի տեսակի համեմատական հետազոտություն կատարելու հնարավորություն չունեն, չեն կարող որոշել մեթոդիկան, համապատասխան գրականություն չունեն։
Փորձագետը հաստատեց, որ չունեն այդ հնարավորությունը, դահլիճը ծափահարեց։
Նրան հարցրեցին, թե հնարավո՞ր է վառոդը լինի «Սոկոլ» տեսակի, պատասխանեց՝ չգիտեմ։
Ամբաստանյալը նշեց, թե «Սոկոլն» ունի մուգ կանաչ գույն, որին ի պատասխան՝ փորձագետն ասաց, որ չգիտի, չի ուզում ենթադրություններով խոսել, չունեն համապատասխան գրականություն, նմուշներ, որոնցով կորոշեին։
«Դուք մասնագետ եք, հնարավո՞ր է մասնագետը «Սոկոլ» տեսակը շփոթի մեկ այլ տեսակի հետ», -հարցրեց ամբաստանյալներից մեկը։
Փորձագետը նշեց, որ եզրակացություն տալիս՝ չեն առաջնորդվում ենթադրություններով ու նորից կրկնեց՝ չկա մասնագիտական գրականություն, որով առաջնորդվեին։
Ամբաստանյալը շարունակեց․ «Դա նշանակում է, որ «Կոկա կոլան» ու «ֆանտան» դնես, չիմանաս՝ «Կոկա կոլա» է, թե ֆանտա»։
Փորձագետը ևս մեկ անգամ կրկնեց, որ չունի տեղեկատվական գրականություն, իսկ այն հետազոտությունը, որը կատարել է՝ ծխացող վառոդ է։
«Էս մարդն ունի 24 տարվա աշխատանքային փորձ, հիմա հնարավո՞ր է էդ թուղթը բերել տվել են, դուք ստորագրե՞լ եք»,-հարցրեց Արթուր Սարգսյանը։
«Միանշանակ ոչ»,-արձագանքեց փորձագետը։
Նրան հարցրեցին, թե քիմիական փորձեր կատարե՞լ է, որ իմանա՝ վառոդն ինչ տարրեր ունի՝ որսորդական է, մարտական է, թե միայն վառել է ու տեսել, որ վառվում է։ Ըստ հարցադրողների, պիտի փորձեր անեին, որ իմանային՝ ինչ նյութեր կան այդ վառոդի մեջ, պարզեին հզորությունը։
«Նորից եմ կրկնում՝ կատարվել է քիմիական հետազոտություն, որի համաձայն մեկը հանդիսանում է ծխացող վառոդ, մնացածներն՝ անծուխ, իսկ ձեր ասածները ես մասնագիտական գրականություն ու նմուշներ չունեմ, որ անեմ»,-պատասխանեց փորձագետը։
Բագրատ Սրբազանը հարցրեց․ «Դուք ասում եք, որ եզրակացություն չեք կարող կատարել, այլ ընդամենը ենթադրություն եք կատարել, ճիշտ եմ հասկացե՞լ»։
«Ոչ»-, պատասխանեց փորձագետը։
Բագրատ Սրբազանը նշեց, որ փորձաքննություն անցկացնելիս՝ ժամանակակից տեխնոլոգիաներից չեն օգտվել, չեն օգտագործել արհեստական բանականությունը ու հայտարարեց, որ քննչականի մեթոդները 80-ական թվականների են։
«Փնթիության գագաթնակետն է այդ քննչական կոմիտե կոչվածը․ առանց համապատասխան գրականության փորձաքննություն է ներկայացնում, որի պատճառով 18 հոգի մարդ այսօր գտնվում են կալանքների տակ»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: