Հայաստանը 80 մլն եվրոյի վարկ է վերցնում

Հայաստանը ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից 80 մլն եվրոյի վարկ կստանա՝ տնտեսական վերափոխման ծրագրի շրջանակում։ Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հուլիսի 8-ին և 16-ին։ Factor TV-ն տեղեկանում է, որ հարցը Կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր չզեկուցվող հարցերի փաթեթով, որը հավանություն ստացավ։

Ըստ նախագծի՝ վարկը բյուջետային աջակցություն է և նախատեսվում է նաև 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար։ Ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից տրամադրվող 170.3 մլն եվրոյի հետ։ Ընդհանուր ֆինանսավորումը կազմում է մոտ 250.3 մլն եվրո։ Պետական բյուջեում այս տարի 537.5 միլիարդ դրամ՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 1.5 միլիարդ դոլարի պակասուրդ կա:

Ֆինանսավորումը կապված է Հայաստանի կողմից իրականացվող մի շարք տնտեսական բարեփոխումների հետ։ Դրանք հիմնականում երկու ուղղություն ունեն՝ տնտեսության մրցունակության ու թվայնացման բարձրացում և կանաչ անցում։

Ներդրումային միջավայրի բարելավման նպատակով ընդունվել է «Ներդրումների մասին» նոր օրենքը, որը նախատեսում է ներդրողների պաշտպանության երաշխիքների հստակեցում։ Մաքսային ոլորտում ներդրվում է Միասնական մաքսային հաշիվ, իսկ մրցակցության ոլորտում ընդլայնվում են հանձնաժողովի լիազորությունները, որը վերանվանվում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի։

Թվային տնտեսության զարգացման համար ընդունվել են նաև «Հանրային տեղեկությունների մասին» և «Կիբեռանվտանգության մասին» օրենքները։

Ծրագրի մյուս կարևոր ուղղությունը կանաչ տնտեսությունն ու կլիմայական դիմակայունությունն է։ 2026 թվականին ընդունվել է «Կլիմայի մասին» օրենքը, ներդրվում է ջերմոցային գազերի արտանետումների վերահսկման համակարգ և կանաչ տաքսոնոմիա։ Փոփոխություններ են նախատեսվում նաև օդի որակի գնահատման ոլորտում։

80 մլն եվրոյի վարկի մարման ժամկետը 18 տարի է, իսկ արտոնյալ ժամկետը՝ 5 տարի։ Տոկոսադրույքը լողացող է՝ այս տարվա հուլիսի 30-ի դրությամբ 4.241 տոկոս է: Վարկի մասհանման վերջնաժամկետը 2026 թվականի սեպտեմբերի 30-նն է։

Արփի Հակոբյան

Leave a comment