Վարչապետ․ ՌԴ-ի հետ քննարկվում է նրա մասնակցությունը մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ քննարկվում է Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը ռուսական կողմի մասնակցության հնարավորությունը։ Նա այս մասին հայտարարել է ճեպազրույցում:

«Ռուսաստանի հետ մենք քննարկում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը, որովհետև մեծ փորձ ունեն այս հարցում: Ուրախ կլինենք, որ այս հարցում նրանք մեզ աջակցեն»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Վարչապետը հավելել է, որ խոսքը միայն «Աջափնյակ» կայարանի մասին չէ։ Ըստ նրա՝ այն հաջողությամբ կառուցելու և ավարտելու դեպքում հնարավոր է անցնել երկրորդ և երրորդ նոր կայարանների իրականացմանը։

«Այս պահին տեսադաշտում 4 նոր կայարանի տեսլական կա, որ մետրոյի ճյուղը «Աջափնյակով», Ակադեմիական քաղաքով գնա, կպնի «Չարբախ» կայարանին, և մենք մետրոյի շրջանաձև երթևեկության հնարավորւթյուն ունենանք»,- ասել է նա:

Նոր ատոմակայանի կառուցման մասին հարցին պատասխանելիս՝ Փաշինյանը չի բացառել նաև ռուսական մոդուլային ատոմակայանի տարբերակի ընտրությունը։

«Մենք ասել ենք՝ անհնար չենք համարում որևէ մոդելի ընտրությունը, մեզ պետք է լավագույն առաջարկը, մենք փնտրում ենք լավագույն առաջարկը»,- հայտարարել է նա՝ շեշտելով, որ երբեք չի ասել, որ ռուսականը կարող չի կարող լինել լավագույնը:

«Բայց կան մի քանի գործոններ՝ գին, հետգնման ժամկետ, կառուցման ժամկետ, ֆինանսավորման սխեմաներ և այլն: Հարցը պետք է դուրս դնել քաղաքականից»,- ասել է վարչապետը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար նախատեսված ֆինանսական միջոցների մի մասն օգտագործվել է 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերման նպատակով։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու նիստում ասել է, որ «Աջափնյակ» կայարանի նախագիծը մեր նորանկախ շրջանի ամենաբարդ ենթակառուցվածքային նախաձեռնություններից է և դասվում է 5-րդ ռիսկայնության կարգում։

Դեռևս 2025 թվականի ամռանը Երևանի քաղաքապետարանն հայտարարել է, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում, իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2025-ի վերջում կամ 2026 թվականի սկզբին։ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի նախագիծը մշակվել է 2022 թվականից՝ ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվել է մոտ 250 մլն դոլար, իսկ շինարարության կանխատեսվող տևողությունը սահմանվել է մինչև 5 տարի։

Leave a comment