«Արտահանման խնդիրը լուծված է»,- կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ պնդելով, որ տնտեսության դիվերսիֆիկացիայի խնդիրը ևս լուծված է։
Ըստ Գեւորգ Պապոյանի, նախորդ տարվա առաջին 7 ամսում արտահանվել էր 865 մլն դոլարի ագրոպարենային արտադրանք, իսկ այս տարի՝ հունվար-հունիս ամիսների դրությամբ, 849 մլն դոլար (նվազումը՝ ընդամենը 1.85%)։
Նախարարի պնդմամբ, ոչ միայն արտահանման ծավալների խնդիրն է լուծված, այլ աշխարհագրությունն է ընդլայնված․ ծաղիկ է արտահանվել 28 երկիր, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16։ 19% աճել է շշալցված կոնյակի արտահանումը, 12 տոկոսով՝ կոնյակի սպիրտինը, 18 տոկոսով պտուղ-բանջարեղենի պահածոներինը, 151 տոկոսով չոր մրգերինն ու բանջարեղենինը։ 8 տոկոսով նվազել է գինիների արտահանումը, 1 տոկոսով՝ մրգահյութերինը եւ բանջարեղենինը, ծաղիկներինը՝ 27 տոկոսով է նվազել (39 մլն հատի փոխարեն՝ 30.1 մլն հատ)։
Մանրամասները՝ տեսանյութում
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ կա միտում՝ Հայաստանը սկսել է ընկալվել, որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր։ Ըստ նրա, սա հետաքրքիր ուղղություն է, հաշվի առնելով, որ այս տարվա ընթացքում արտահանումների պատճառով մթերումներն են խթանել։ Չրերի պահպանման ժամկետներն են երկար, դրանք կարելի է պահել՝ հետո արտահանել։ Նույնը վերաբերվում է նաեւ պահածոյացված մրգերին եւ բանջարեղեններին։
«Պրոբլեմ եղավ, խնդիրը կա, բայց կառավարություն-տնտեսվարող շփումներով այն կարգավորվում է»,-ասաց նա՝ հավելելով, որ նաեւ զբոսաշրջիկներն են օգնում՝ գալով եւ ՀՀ-ում սպառելով շատ ապրանքատեսակներ, որոնք հնարավոր չեղավ արտահանել։ Ուստի, այս համատեքստում կարծում է, որ մարզերում զբոսաշրջությունը պետք է խթանել՝ օգնելով տնտեսվարողներին։
Ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանը ոչ թե ճգնաժամ է գնահատում, այլ հնարավորությունների։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: