ՀՀ քննչական կոմիտեում քննարկվում է Երևան քաղաքի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի (ՏԿԵ փոխնախարար Ասատուր Վարդանյանի եղբայր. խմբ․) ազատման հարցը։ «Ժողովուրդը» գրում է, որ ուժային կառույցների՝ ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի բախման մեջ առայժմ հաղթում է ՔԿ-ն։ Սակայն թերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում ակտիվ քննություն է ընթանում Քննչական կոմիտեում ոստիկանին խոշտանգելու դեպքով: Այդ գործով կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել Ռաֆայել Վարդանյանը:
Թերթը չի բացառում, որ բարձրացված աղմուկի ֆոնին կարող է նաև փոխնախարարի պաշտոնում չվերանշանակվել Ռաֆայել Վարդանյանի եղբայրը՝ Ասատուր Վարդանյանը։
Խոսքն օգոստոսի 22-ին տեղի ունեցած միջադեպի մասին է, որից հետո կալանավորվեց ՆԳՆ ոստիկանության Եղվարդի բաժնի օպերլիազոր Սարգիս Բագրատունյանը և ևս մեկ անձ։ ՔԿ–ից նաև ընդգծել էին, որ ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ։
Օգոստոսի 23-ին ԶԼՄ–ները գրել էին, որ նախորդ օրը քննիչները` վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին։ Գրել էին, որ ծեծկռտուքը եղել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքում` վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ։ Դրանից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, թե ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներից մեկն է ավելի քան 20 անձի հետ դաժան ծեծի ենթարկել 2 քննիչի։
Ոստիկանի փաստաբան Վահագն Մարտիրոսյանն էլ հայտնել է, որ Երևանում քննիչների և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպին նախորդել է մեքենաների կայանման շուրջ տարաձայնությունը, որի ժամանակ ոստիկանի հասցեին հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, ու նրան քննչական բաժնում խոշտանգել են։
Sputnik Արմենիա