Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ի Եվրամիության անդամակցության հարցի շուրջ 15 օրվա ընթացքում հանդես է եկել էապես տարբեր շեշտադրումներով՝ հակասելով ինքն իրեն։ Օգոստոսի 24-ին, ՀՀ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս, վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստվում է սկսել ԵՄ-ին անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը։

«Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրոպական միությանը։ Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է, և առաջիկայում մենք թերևս կսկսենք այս գործընթացը՝ առավել ևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»։

Փաշինյանի՝ օգոստոսի 24-ի ելույթի ամբողջական սղագրությունը։

Սեպտեմբերի 1-ին, Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, Փաշինյանը արդեն հայտարարեց, որ Հայաստանի համար այս պահին ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն ընտրության առարկա չեն, քանի որ իրական այլընտրանք դեռ չկա։

«Կարծում եմ, և ես այդ մասին հրապարակայնորեն էլ եմ ասում, որ մենք հասկանում ենք՝ կգա ժամանակը, երբ անհրաժեշտ կլինի շատ հստակ ընտրություն կատարել։ Պարզապես մեր դիրքորոշումն այն է, որ այս պահին այդ ժամանակը դեռ չի հասունացել, հիմա մենք դրա կարիքը չունենք, որովհետև, ըստ էության, այս պահին մենք այլընտրանք չունենք, այդ այլընտրանքն իրականում ստեղծված չէ»,- ասել է Փաշինյանը և շարունակել. «Երբ այն ստեղծվի, եթե ստեղծվի, ապա, իհարկե, մենք ընտրություն կկատարենք՝ հանրաքվեի միջոցով կամ առանց հանրաքվեի»։

Այսպիսով, 15 օրվա տարբերությամբ Փաշինյանի հրապարակային ձևակերպումները հետևյալն են. օգոստոսի 24-ին՝ Հայաստանը «առաջիկայում» պետք է սկսի ԵՄ-ին անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը, իսկ սեպտեմբերի 1-ին՝ «այս պահին» ընտրության կարիք չկա, քանի որ «այլընտրանքն իրականում ստեղծված չէ»։ Խոսքը նույն՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների ապագայի հարցի մասին է, սակայն երկու ելույթներում դրա ժամանակացույցն ու քաղաքական շեշտադրումը տարբեր են։ Սա նշանակում է, որ Եվրամիություն մտնելու հրապարակային խոստումները կեղծ են Փաշինյանի կողմից, և նա էլի խաբում է մեր հասարակությանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Leave a comment