Գագիկ Խաչատրյանը հաշմանդամության կարգ ունի, նա 24 ժամ չի սնվել, չի փոխվել կատետրին միացված պարկը. Երեմ Սարգսյանը ստիպված բժշկական գաղտնիք հրապարակեց

«Բոլորդ տեսաք տեսանյութերը, թե ինչպես Գագիկ Խաչատրյանին ձերբակալեցին եւ իր բնակարանից տեղափոխեցին քննչական մարմին, այնտեղ մեղադրանք ներկայացրին, ապա տեղափոխեցին հակակոռուպցիոն դատարան, որտեղ գիշերը մինչեւ 3-4-ը Գագիկ Խաչատրյանը գտնվել է՝ շտապ օգնության մեքենայի ուղեկցությամբ, պատգարակին պառկած: Մենք մի քանի անգամ միջնորդել ենք, որպեսզի նրան տեղափոխեն բժշկական հաստատություն եւ առանց իրեն շարունակեն դատական նիստը, որովհետեւ առավոտյան 7:30-ից, ըստ էության, նա հնարավորություն չուներ որեւէ կերպ ոչ սնվելու, ոչ բնական կարիքները հոգալու»,- ասուլիսում նշեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Պաշտպանը հավելեց, որ ունի համաձայնություն որոշակի բժշկական տվյալներ հայտնելու. «Գագիկ Խաչատրյանը հաշմանդամության կարգ ունի՝ հենաշարժողական համակարգի հետ կապված, եւ նման անձինք պետք է կոնկրետ սահմանված հարմարություններից օգտվեն, դրա համար ինքը մշտական խնամքի կարիք ունի, որից զրկված է եղել ամբողջ ընթացքում, ինչը Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է: Երբ Գագիկ Խաչատրյանին տեղափոխում էին պատգարակով, քննչական մարմնի երկրորդ հարկ բարձրացնելու համար պատգարակը հնարավոր չէր բարձրացնել, ԱԱԾ աշխատակիցները կտորի վրա դրված են նրան բարձրացրել, ապա դրել աթոռին վրա, մինչեւ մոտեցրել են պատգարակը:

Ինչու եմ սա ասում՝ ուզում ենք ֆիքսել, որ այստեղ բոլոր բժշկական կարգերի խախտումներով է ամեն ինչ տեղի ունեցել: Քիչ առաջ փորձեցի տեսակցել Գագիկ Խաչատրյանին քրեակատարողական հիմնարկում, սակայն հնարավորություն չեղավ նրան ուղեկցել ինձ մոտ՝ քննչական սենյակ: Նա ցավերի մեջ էր եւ շարժողականություն չուներ, որ տեղափոխեին: Պաշտպանի հետ հաղորդակցություն չունեցավ:

Պարզվեց, որ Գագիկ Խաչատրյանը 24 ժամից ավել է՝ չի սնվել, իսկ նրա դեղորայքն ընդունելու համար կոնկրետ սննդակարգ է պետք: Ստիպված եմ ասում, որ առավոտյան, երբ եկել էին խուզարկության, տեսել էին, որ կատետր է դրված՝ համապատասխան պարկով, եւ միզարձակությունը այդ եղանակով է կատարվում, բայց մինչեւ հիմա այդ միզապարկը չի փոխվել: Այնքան նուրբ հարցեր ու խնդիրներ կան:

2019 թվականից ունենալով բոլոր բժշկական փաստաթղթերը (բազմաթիվ բժիշկներ Հայաստանում եւ արտասահմանում տվել են եզրակացություն, որ նա ունի բազմաթիվ, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ, ինչի համար վիրահատություն է անհրաժեշտ), սակայն 2019 թվականից թույլ չեն տվել, որ այդ վիրահատությունն անցկացվի, եւ աստիճանաբար նրա վիճակն ավելի վատթարացել է»:

Պաշտպանը փաստեց, որ երբ Գագիկ Խաչատրյանը 2019-ին բուժում էր ստանում Գերմանիայում, ընդամենը մեկ զանգ է ստացել եւ վերադարձել է Հայաստան ու ներկայացել քննչական մարմին:

Երեմ Սարգսյանը հիշեցրեց, որ այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ Հայաստանի բոլոր լավագույն բժիշկները կոնսիլիում էին հրավիրել եւ հայտնել, որ Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել: Նրա խոսքով, նույնիսկ երկրորդ կոնսիլիումն էր իրականացվել, եւ կրկին նույն եզրակացությունն էր տրվել, սակայն թույլ չէին տվել մեկնել արտասահման բուժման եւ ձերբակալել են:

Պաշտպանի խոսքով՝ էմոցիոնալ ֆոն կա Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապված, բայց պետք է այդ ամենը մի կողմ թողնել եւ հասկանալ՝ Հայաստանում մարդու հանդեպ նման վերաբերմունքը թույլատրելի՞ է, թե՞ ոչ:

Մանրամասն տեսանյութում

«ՄԻԵԴ-ում 2 դիմում կա 2019-ից, մեկը վերաբերվում է 3-րդ հոդվածին, այսինքն՝ խոշտանգումների արգելք: 2024թ., երբ վիճակը վատացավ, բժիշկներն ասում էին, որ հատել է կարմիր գիծը, եւ կյանքը վտանգվում է, այդ ժամանակ նաեւ գանգատ ներկայացրինք 2-րդ հոդվածով՝ կյանքի իրավունք, եւ շատ արագ արձագանք ստացանք: Հիմա ձեւական առումով թեկուզ այս երկու գործերը չեն միացել, բայց մեր նամակագրություններին պատասխանում են այս երկու գործերի համարներով: Պարբերաբար, նաեւ 2026-ին, մենք ներկայացրել ենք առանձին դիմումներ հրատապ միջոց կիրառելու մասին: Որպես կանոն՝ դա վերաբերվում է ազատությունից զրկելուն կանխարգելելուն, որը աշխատեց, բայց չէի ասի՝ անմիջապես ՄԻԵԴ-ի շնորհիվ: Բայց փաստն այն էր, որ դատավորները մերժում էին կալանքի միջնորդությունը»,- ասաց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանը՝ տեղեկացնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ձեռնարկված իրավական քայլերի եւ ընթացիկ գործընթացների վերաբերյալ։

 

Մանրամասն տեսանյութում

 

Պաշտպանների ասուլիսն՝ ամբողջությամբ

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment