«Նույնիսկ ստալինյան ռեպրեսիաների ժամանակ անկողնում գամված մարդուն պատգարակով դատարան չէին տանում»․ Կարապետ Պողոսյան

Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը անկողնում գամված, առողջական ծանր վիճակում գտնվող ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին ձերբակալելը, նրան պատգարակով դատարան տեղափոխելն ու առհասարակ նրա մասնակցությամբ կիսագիտակից վիճակում դատական նիստերն անցկացնելը համարում է արտառոց ու աննախադեպ երևույթ ոչ միայն հայ իրականության, այլ համաշխարհային պատմության մեջ։

Կարապետ Պողոսյան

«Սա բացարձակապես կապ չուներ իրավաբանության հետ, սա ավելի շատ մարդուն ստորացնելու, խոշտանգելու, ցավ պատճառելու միտում ուներ։ Սա շատ մտահոգիչ է, առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ Հայաստանում օր օրի էլ ավելի են շատանում բռնաճնշումներն ու այլանդակությունները, բայց քաղաքակիրթ, մարդու իրավունքները գովաբանող Եվրոպան սկզբունքային լռություն է պահպանում, այսինքն՝ բացարձակապես ոչինչ չի դիտարկում, որևէ կերպ չի արձագանքում, համր է։

Նույնիսկ ստալինյան ռեպրեսիաների ժամանակ, երբ մարդկանց կարող էին դատից 15 րոպե կամ կես ժամ հետո գնդակահարության ենթարկել, իրենց նման բան թույլ չէին տալիս։

Պատգարակով, ծանր վիրահատություն տարած, անշարժ, անկողնում գտնվող մարդուն տանել-հասցնել դատարան․․․ Սա զուտ ստորացնելու համար է», -ասում է Կարապետ Պողոսյանը։

Նրա համոզմամբ՝ Գագիկ Խաչատրյանին ձերբակալելը նրա քաղաքական հակառակորդներին ինչ-որ բան ցույց տալու համար է։

«Այդ մարդուն ձերբակալելուց առաջ իրենք պարտավոր էին հասկանալ նրա առողջական վիճակը, այդ մարդուն առհասարակ կարելի՞ է տեղաշարժել, թե՞ ոչ, և դրանից հետո նոր գնային որոշակի գործողությունների։ Եթե մարդը նույնիսկ չի կարող շարժվել, իմաստը ո՞րն էր այդ մարդուն ձերբակալելու։ Ուղղակի քննիչի որոշմամբ կարող էին տանել, թուղթ ստորագրել տալ, որ ոչ մի դեպքում Հայաստանը չլքի։ Կալանավորել ու այդ վիճակում տանել քրեակատարողական հիմնարկ․․․ինչի համար, սպանելո՞ւ։

Իրենց մոտ դա շատ լավ է ստացվում, հիշում ենք 2018 թվականին գեներալ Մանվել Գրիգորյանի շուրջ «տուշոնկի շոուն», նրան հաշմանդամի սայլակով դատարան տանելը, չենք մոռացել Արմեն Գրիգորյանի հետ տեղի ունեցածը․ մարդը դատարանում անօգնական վիճակում հանկարծամահ եղավ։

Դրանից հետո էլ ձերբակալեցին Գագիկ Ծառուկյանին․ 70 տարեկան մարդու ոտքը հետևից քաշում էին, որ գցեին գետնին, այն դեպքում, երբ այդ մարդը որևէ դիմադրություն ցույց չէր տալիս։

Առհասարակ մարդու նկատմամբ ուժ կիրառելուց սկսած՝ մինչև կալանքը դրանք ծայրահեղ միջոցներ են նախաքննությունն ապահովելու համար, իսկ այս դեպքում այս մարդիկ գերծայրահեղ միջոցներ են իրականացնում՝ ատելությամբ, ինչ-որ մեկի սիրտը շահելու ու ինչ-որ մեկին վախեցնելու համար։ Իսկապես սարսափելի է արդեն»։

Ըստ Կարապետ Պողոսյանի, եթե տեղյակ են հանցանքի մասին, պարտավոր են տեղեկացնել դատախազություն, ոչ թե ուղիղ հրահանգներ տալ այդ նույն դատախազությանը կամ ԱԱԾ-ին, որպեսզի գնան ու խոշտանգեն այդ մարդկանց։

«Եթե տեղեկություն ունես, որ օրինակ՝ Պողոս Պողոսյանը ինչ-որ բան է գողացել, քո ունեցած տեղեկությունը տուր դատախազությանը, դատարաններին, թող գնան, իրենց գործը անեն, այնպես, ինչպես պահանջում է օրենքը և միջազգային պրակտիկան։

Չգիտեմ՝ դուք աշխարհում որևէ տեղ տեսե՞լ եք նման բան, որ անշարժ վիճակում գտնվող մարդուն պատգարակով տանեն դատարան, իմաստը։ Այդ մարդը ոչ կարող է շարժվել, ոչ կարող է փախնել, իրեն կալանքի վերցնելու իմաստը ո՞րն է, որպեսզի Հ1-ը կարողանա ռեպորտաժներ պատրաստե՞լ, ցույց տա, որ այ, տեսեք, մենք գնացինք Գագիկ Խաչատրյանին ինչ օրը գցեցինք, որը ցավից գոռում էր։ Տեսեք՝ մենք ինչքան հզոր տղեք ենք, որ մարդը ցավից գոռում էր, գնացինք այդ մարդուն էլ ավելի տանջեցինք, խոշտանգեցինք։

Այդքան ուժեղ տղերք էիք, չգնայիք Ալիևի դիմաց չոքեիք, այսօր էլ մեր Արցախը թողնեիք մեզ։ Այդքան ուժեղ տղերք եք, այսօր կարողացեք Հայաստանի Հանրապետության սահմանների հարցը լուծել, կարողացեք Ջերմուկից, Վարդենիսից հանեք թշնամուն, դուրս գցեք։ Ամենակարևորը կարողացեք արժանապատիվ կեցվածք ընդունել Ալիևի դեմ, գոնե ձևական մակարդակով կարողացեք Ալիևի դեմ ուղիղ կանգնել։

Սրա մասին է խոսքը, ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ սադիզմ դրսևորեք ու ի ցույց դրեք։ Եվ այստեղ միանշանակ առաջին մեղավորը հայ հասարակությունն է, որ թույլ տվեց։ Ինչ տեղի է ունենում Գագիկ Խաչատրյանի հետ, վաղը բոլոր ընտանիքների հետ լինելու է, մեր մոտ օր օրի դաժանությունը հասնում է անտրամաբանական դրսևորումների»,-ասում է Կարապետ Պողոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment