Արցախի ամբողջական ու Հայաստանի մասնակի օկուպացիան, ռազմավարական նշանակության ճանապարհների, դիրքերի հանձնումը փաթեթավորված են խաղաղության դարաշրջանի մասին հրապուրիչ ու սնամեջ պատումով։ Ըստ այդ պատումի՝ մոտ 5000 երիտասարդ տղամարդ, պատմական հայրենիք կորցնելու, մոտ 120.000 տնազուրկ ու տասնյակ պատանդ հայրենակից ունենալու պայմաններում մենք հայտարարել ենք, որ այսուհետ մտադիր ենք խաղաղ ապրել մի տարածաշրջանում, որը եռում է անցյալ և ընթացիկ պատերազմներից ու մի աշխարհում, որն այլևս անթաքույց կերպով պատրաստվում է ավելի մեծ՝ ամենայն հավանականությամբ՝ համաշխարհային երրորդ պատերազմին։
Այսօրվա աշխարհն այլևս 90-ականների լավատեսությամբ լեցուն աշխարհը չէ, երբ ԽՍՀՄ փլուզմամբ ու սառը պատերազմի ավարտով արևմտյան քաղաքագետները հայտարարում էին «պատմության ավարտը»՝ նկատի ունենալով, որ արևմտյան լիբերալ կարգը կշարունակի հաղթանակ տանել ամբողջ աշխարհում։ Իսկ ըստ ընդունված տեսակետի՝ ժողովրդավար պետություններն իրար դեմ չեն պատերազմում։ Միջազգային կառույցները, միջազգային իրավունքը, որոնք դեռ այն ժամանակ հաճախ գործում էին օրուելյան «Անասնաֆերմայի»՝ «Բոլոր կենդանիները հավասար են, սակայն որոշ կենդանիներ ավելի հավասար են» սկզբունքով, այսօր արդեն ընդամենը դեկորատիվ գործառույթներ են իրականացնում։ Մենք, իհարկե, մեր մաշկի վրա ենք զգում միջազգային իրավունքի անգործությունը, հատկապես՝ Արցախի 2020 թվականի պատերազմից, պաշարումից ու անկումից ի վեր։ Սակայն աշխարհն իսկապես անցում է կատարում ընդունված ինչ-ինչ նորմերից ու իրավական սահմանափակումներից դեպի քաոս և ուժի ու հնարավորությունների անսահմանափակ ու անկաշկանդ կիրառում․ Վենեսուելայի գործող նախագահի առևանգումից մինչև Գրենլանդիայի՝ ամերիկյան տարածք հռչակումը, միջուկային զենքի հնարավոր տարածումից մինչև դրա՝ ներկայիս ակտիվ պատերազմներում գործարկման մասին քննարկումները և այլն։ Փորձագետներն ահազանգում են, որ փաստացիորեն միջազգային աշխարհակարգում զենքերի վերահսկում այլևս գոյություն չունի:
Ահա այս իրավիճակում, երբ Ադրբեջանը նաև հատուկ միջոցառումներ է ձեռնարկում՝ ամրացնելու և ուժեղացնելու Նախիջևանը, շարունակում է զինվել և ամրացնել դիրքերը, Հայաստանը հայտարարում և միակողմանիորեն գնում է խաղաղության, ինչը բերելու է սարսափելի հետևանքների։ Գրեթե բոլորը, անգամ ընդդիմությունը, գլխի են ընկնում, որ կառավարությունը Հայաստանը տանում է դեպի կործանում, իսկ հայ ժողովրդին կանգնեցնում է նոր ցեղասպանության, հայրենազրկման հերթական վտանգի առաջ։
Հայաստանի կործանման հնարավոր տարբերակները կարող են լինել բազմազան։ Սակայն ո՞րը կամ որո՞նք են հատկապես իրատեսական։ Եթե հավատանք, որ իսկապես խաղաղության դարաշրջան ենք թևակոխել, և ռազմական ագրեսիան այնքան էլ հնարավոր չէ այս տարբերակում, ապա ի՞նչ անհանգստանալու բան ունի ՀՀ սովորական քաղաքացին։
Հայաստանի Հանրապետությունը փոխում է իր Սահմանադրությունը, հրաժարվում է Ցեղասպանության ճանաչումից, մոռանում է Արցախը, կրճատում է բանակը, չի մտնում ոչ մի ռազմական դաշինքի մեջ, դեռ մի բան էլ դուրս է գալիս եղածից՝ ՀԱՊԿ-ից, փոխում է կրթական ողջ հայեցակարգը և դաստիարակում է իշխանություններից և թշնամուց (ըստ հայեցակարգի՝ նախկին) վախեցած, անպահանջ, աներազանք, անհիշողություն քաղաքացիներ, որոնք զբոսաշրջիկների համար տարազ հագած պարում են, գաթա և լավաշ են թխում, բարձրորակ սպասարկում են ապահովում հյուրանոցներում և ռեստորաններում, տրամադրվում են խաղաղ համակեցության ադրբեջանցիների և թուրքերի հետ՝ հատկապես նրանց զիջելով արդեն նախանշված գյուղերը։
1948 թվականից ի վեր, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հանրությունը որոշեց, որ հրեաները պետք է ունենան պետություն, որտեղ նրանք պաշտպանված կլինեն ցեղասպանության հնարավոր կրկնությունից, Բրիտանական մանդատի ներքո գտնվող Պաղեստինի մի մեծ հատված տրամադրվեց Իսրայել պետության ստեղծման համար։ Այս հոդվածի նպատակը իսրայելա-պաղեստինյան հակամարտության յուրահատկությունները քննարկելը չէ, խոսքն ընդամենը չոր փաստերի մասին է, պատկերավոր ցուցադրելու համար, թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե շարունակվի Հայաստանի տարածքի հանձնումը։
Իսկ չոր փաստերը վկայում են, որ այսօր պաղեստինցիները սեղմված են Գազայում և Արևմտյան Ափում։ Իսրայելական էքսպանսիան ոչ միայն չի դադարել, այլ օրեցօր ընդունում է ավելի տգեղ և անմարդկային պատկեր։ Ամեն ինչ սկսվել է պաղեստինյան տարածքներն իրար կապող ճանապարհներն իսրայելական ենթակայության հանձնելուց։
Թե ինչպես, ինչ հանգամանքներում է անցած 80 տարիների ընթացքում Իսրայելի կառավարությունը որոշել ավելի ու ավելի ընդարձակել իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, բնակավայրերից դուրս մղել պաղեստինցիներին և նրանց փոխարինել իսրայելացի վերաբնակներով, կրկին այս հոդվածի քննարկման թեման չէ։ Փաստացի այսօր էլ պաղեստինցիներին շարունակում են դուրս մղել իրենց տներից, սպանել՝ որպես ներկա կամ ապագա ահաբեկիչների, զրկել պարզ մարդկային կյանք վարելու հնարավորությունից, իսկ վերաբնակների պահվածքն ագրեսիվ է, անհարգալից, ապօրինի, և նրանց պաշտպանում են իսրայելական զինված ուժերը։
Միջազգային հանրությունն, իհարկե, արձանագրում է, մարդու իրավունքների պաշտպան տարբեր կազմակերպություններ այս գործողությունները բնութագրում են որպես ցեղասպանություն, սակայն դրանից ոչինչ չի փոխվում։ Միջազգային հանրությունը դատապարտեց նաև արցախահայերի ապօրինի պաշարումն ու վտարումը, 2023 թ-ին Ադրբեջանի ագրեսիան ու պատերազմը, անգամ որոշ պաշտոնյաներ ժամանակ առ ժամանակ արծարծում են հայ պատանդների խնդիրը։ Այդ ամենը, սակայն, ոչ մի գործնական ազդեցություն չի ունենում։
Այսօր առաջավոր մարդկությունը, ինչպես արդեն նշվեց, ձայն է բարձրացնում Գազայի ցեղասպանության դեմ, որի իրականացման մարտավարությունն, ի դեպ, հիշեցնում է Արցախի պաշարումը 2022 թ․ դեկտեմբերին, մարդկանց սովի մատնելը և բռնագաղթը։ Գազայի բնակիչները, ի տարբերություն արցախցիների, չունեն թեկուզ պարտադրված տեղահանվելու այլ հայրենիք։ Այն սահմանակից է Եգիպտոսին, որը չի համաձայնում Գազայի բնակիչների զանգվածային գաղթին դեպի իր տարածք։
Այո՛, արցախահայերին տրվեց հայերի հայրենիք՝ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու հնարավորություն (զավեշտալի ու սարսափելի գաղափար), սակայն երբ և եթե Հայաստանի մնացյալ տարածքները վերածվեն ադրբեջանցիներով բնակեցված «պաղեստինյան» տարածքների, արդյոք Հայաստանի սահմանակից պետությունները կբացե՞ն իրենց սահմանները հայերի կյանքը փրկելու համար։ Այդ սահմանակիցներից երկուսը Թուրքիան ու Ադրբեջանն են․ պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է։ Մյուս երկու պետությունները Վրաստանն ու Իրանն են։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է արդեն, որ հայտնի միջանցքն անցնելու է Իրանի հետ սահմանով, այսինքն՝ փաստացիորեն, Հայաստանը կորցնում է Իրանի հետ իր սահմանը։ Տեսնենք։
Չմոռանանք նաև, որ այսօր արդեն Տավուշում, Վայոց Ձորում, Սյունիքում ու Գեղարքունիքում Հայաստանի ռազմավարական նշանակության որոշ տարածքներ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հանձնվել են ռազմավարական նշանակության տարածքներ, և Կապանի մուտքի մոտ, օրինակ, Ադրբեջանին զիջած դիրքից վեր է խոյանում ադրբեջանական դրոշը։ Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը որոշի (իսկ ի՞նչը նրան պիտի խանգարի նման որոշում չկայացնել), որ իր, իր քաղաքացիների անվտանգության համար նրան անհրաժեշտ է Կապանի մուտքի ոչ թե վերևում, այլ անմիջապես ճանապարհի վրա տեղակայել հսկիչ կետ։
Իսկ եթե նորից գլուխ բարձրացնեն հայտնի «բնապահպաննե՞րը»։ Ադրբեջանը ստիպված չի՞ լինի անցագրային կետում մեկ առ մեկ ստուգել Կապան մուտք գործող և Կապանից ելնող ՀՀ քաղաքացիներին, նրանց իրերը, մուտք ու ելքի նպատակները։ Հիշեցնո՞ւմ է Արցախի պաշարումը և գրավումը։ Ի դեպ, արժե ծանոթանալ պաղեստինցիների պատմություններին, եթե Արցախի օրինակը բավարար չէ՝ պատկերացնելու մեզ սպասվող սարսափները։
Վերը նշվածը, սակայն, տարբերակներից ընդամենը մեկն է։ Դանդաղընթացը։ Մեկ այլ հնարավոր տարբերակ նույնպես կա։ Այն առաջին հայացքից կարող է թվալ անիրատեսական, ծիծաղելի, անհամատեղելի Հայաստանի և նրա շուրջ կատարվող իրողությունների հետ։ Ավելին, առաջին հայացքից կարող է թվալ աներևակայելի։ Կամ դավադրության տեսություն, որն առաջադեմ մարդկությունը, ներառյալ մեր հայրենակիցները, հաճախ ծաղրում են։ Սակայն ընդամենը 8-9 տարի առաջ ֆանտաստիկայի ժանրից չէ՞ր լինի ինչ-որ մեկի պնդումը, թե Հայաստանը կարող է այս աստիճանի ծնկի գալ, այսքան կորուստներ ունենալ և կանգնել վերացման շեմին։ Չէի՞ն ծաղրի արդյոք՝ դավադրապաշտ անվանելով մեկին, ով կհամարձակվեր տագնապ հնչեցնել, թե Հայաստանի դեմ դավադրություն են ծրագրում, որ խլեն Արցախը, կոտրեն մեր մեջքը, ցեղասպանություն իրականացնեն և այլն։ Կծաղրեին։ Սակայն ֆանտաստիկա են նաև այսօրվա ԱԲ տեխնոլոգիաները, մարդկանց վերահսկողությունը, անհավատալի է Հայաստանի այսօրվա կարգավիճակը, դավադրություն էր Արցախի կորուստը։
Քանի որ Հայաստանից բավականաչափ հեռու և մեզ անմիջապես չառնչվող էր, իսպանական Սեուտա քաղաքում տեղի ունեցած մարոկկացիների զանգվածային գրոհը մեծ ուշադրության չարժանացավ մեզ մոտ։ Մենք փաստեցինք․ Եվրոպան գրոհեցին, ներգաղթյալները խնդիր են այսօր առաջադեմ աշխարհի համար և այլն։ Սակայն միջազգային լրատվամիջոցները մի շարք հետաքրքրական բացահայտումներ են արել Սեուտա ներխուժման վերաբերյալ, որոնք միգուցե վրիպել են շարքային հայաստանցու աչքից։ Դրանցից ամենաէականը սոցիալական ցանցերի միջոցով կազմակերպված կեղծ տեղեկատվության տարածումը և սոցիալական ցանցերի միջոցով այդ ամբողջ գործընթացն ուղղորդելն ու կառավարելն էր։
Այսպիսով՝ ի՞նչ է տեղի ունեցել։
Հունիսի 29-ին հրապարակվել է Իսպանիայի Գերագույն դատարանի որոշումը, համաձայն որի լողալով Իսպանիայի սահմանը հատած ներգաղթյալների դուրս մղումը կազմակերպվում է ոչ թե անմիջապես, ինչպես ֆիզիկական, ցամաքային սահմանը հատվածներինը, այլ որոշակի լրացուցիչ ընթացակարգերից հետո։ Ավելին, դատարանի որոշումը հաստատում էր, որ ջրային ճանապարհով Իսպանիայի տարածք հասած ներգաղթյալներին պետք է պահել հատուկ տարածքում և կազմակերպել նրանց վերադարձը 72 ժամվա ընթացքում: Ըստ CNN-ի վերոբերյալ հոդվածի՝ Իսպանիայի կառավարությունը զուգահեռ աշխատում էր իր ջրային սահմաններն ինչ-որ կերպ որոշակիացնելու տարբերակներ մշակելու ուղղությամբ։ Ասել է թե՝ խոսքը ոչ թե ջրային սահմանը հատած օտարականներին կացության կարգավիճակ տալու, այլ նրանց տարբեր ընթացակարգերով վերադարձնելու մասին է։
Այս որոշումը, սակայն, ըստ Maltida.es լրատվականի, որն ուսումնասիրել է 1000-ից ավելի արաբալեզու ֆեյսբուքյան հրապարակում հուլիսի 8 – 31-ն ընկած ժամանակահատվածում, սկսում են տարածել մեծ թվով հետևորդներ ունեցող էջեր` կեղծ և իրական։ BBC-ի լրագրողներն իրենց հետազոտությունն են անցկացնում և բացահայտում ինստագրամյան էջեր, որոնք ստեղծում են «միրաժային» բովանդակություն՝ կեղծ լուսանկարներ, թե Իսպանիայի տարածք լողալով հատած գաղթյալներն, օրինակ, հանգիստ զբոսնում են քաղաքում և տեսահոլովակներ, առաջարկում են վճարովի ծառայություններ, օրինակ՝ կոյուղու խողովակներով Սեուտա հասցնելու խոստմամբ։ Ըստ «Ալ-Ջազիրայի»՝ նման էջերը կառավարվել են Թունիսից, Ալժիրից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից՝ կոչելով մարդկանց մոբիլիզացվել: Արդյունքում՝ տասնյակ հազարավոր ներգաղթյալներ գրոհեցին իսպանական Սեուտան։ Իսպանիան, լինելով եվրոպական բավականին հզոր պետություն և ՆԱՏՕ-ի անդամ, որոշակիորեն կարողացավ իրավիճակը դարձնել վերահսկելի։
Ինչպես հայտնի է, սոցիալական ցանցերը հեղափոխությունների և քաղաքացիների մոբիլիզացիայի հարմար գործիք են։ 2004 թվականի Ուկրաինայի Նարնջագույն հեղափոխությունից սկսած՝ մինչև Արաբական գարուն և, ինչո՞ւ ոչ, Հայաստանի Թավշյա հեղափոխություն, մենք ականատես ենք եղել սոցիալական ցանցերով կազմակերպված գործողությունների, որոնք ճիշտ ուղղորդման և աշխատանքի դեպքում բերել են իշխանափոխության, հանրային մոբիլիզացիայի և այլն։ Եվ, ինչպես հայտնի է, սոցիալական ցանցերով կազմակերպված բոլոր նշված և չնշված գործողությունները հստակ կառավարվել են հատուկ կենտրոններից։ Ի միջի այլոց, այստեղ կարելի է հիշել նաև, որ 2024 թվականի մայիսին Ադրբեջանը X և TikTok սոցիալական ցանցերի միջոցով գրեթե անթաքույց կերպով օժանդակում էր Նոր Կալեդոնիայում հակաֆրանսիական բողոքի ցույցերը։
Այսպիսով, հնարավո՞ր է արդյոք, որ ինչ-ինչ հանգամանքներում Ադրբեջանը որոշի Սեուտայի սցենարը գործարկել հայկական բնակավայրեր ներխուժման և ադրբեջանցիների՝ այստեղ հաստատման համար։ Որքանո՞վ են պաշտպանված և պաշտպանվա՞ծ են արդյոք Ադրբեջանին դեմ առ դեմ կանգնած հայկական սահմանային դիրքերը։ Արցախի պաշարումը սկսելիս՝ ադրբեջանական պետական հովանավորչության տակ գործող «էկոակտիվիստների» փոքր ակցիան վերածվեց Արցախի հանձնման և հայաթափման մեծ գործողության։ Կարո՞ղ են արդյոք մի օր մի խումբ «հայրենիքի» «կարոտից» «տառապող» ադրբեջանցի «գյուղացիներ» որոշել, որ այլևս բավ է, իրենք պետք է գան ու բնակվեն իրենց «պապական» տանը։
Դավադրության տեսությո՞ւն է սա, թե՞ իրատեսական ենթադրություն։ Սեուտայի ներխուժումը կարելի՞ է համարել միջազգային պրակտիկայում առաջին փորձերից մեկը՝ արդյունքը, հետևանքը՝ տեղացիների և միջազգային արձագանքը փորձարկելու համար։ Ո՞րը կլինի հաջորդ բեմադրության թիրախում հայտնված երկիրը։ Հայաստանը կարո՞ղ է լինել թիրախային նման երկրներից մեկը։ Պատրա՞ստ է Հայաստանը դիմակայելու։ Հռետորական հարցեր՝ ակնհայտ պատասխաններով։
Հ․գ․ Հայաստանի Տիգրանաշեն գյուղը հանձնելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ուղեկցվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի դեմ իրավապահ մարմինների նախաձեռնած աղմկահարույց և առնվազն խնդրահարույց գործընթացով, որի մասին իշխանությունների տարածած լրատվաաղմուկին, չգիտես ինչու, միացան նաև իշխանությունների թիրախում գտնվող նախագահի թիմի անդամները՝ տարածելով հայտնի «Բարի գալուստ» պաստառը, որն, ըստ տարածողների, պատրաստել էին Ռոբերտ Քոչարյանի թոռները՝ այդպիսով դիմավորելով ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներին։ Հարց․ ի՞նչն է այդքան զվարճալի այս ամենում՝ բուն գործողություննե՞րը, թե՞ դրան ուղեկցող համազգային աղետի՝ նոր տարածքներ հանձնելու ֆոնը։
Նարինե ԱՂԱԲԵԿՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: