ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ՝ զրուցելու Խաչատրյանի հետ (PAN.am)

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ դրա հրապարակումից անմիջապես հետո սկսել է հարցի քննարկման ընթացակարգ։

Պաշտպանի հանձնարարությամբ այց է իրականացվում քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույց անցկացնելու, ինչպես նաև նրա իրավունքների ապահովման հետ կապված հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով, ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Հարցի հետ կապված հիմնական հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար իրավասու մարմիններից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ։

Այցի արդյունքները, ստացված պարզաբանումները և գործին վերաբերող բոլոր հանգամանքներն ամբողջական ուսումնասիրության ու ամփոփման ենթարկելուց հետո հնարավոր կլինի ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիրքորոշումը։

Հրապարակման ենթակա տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմը կներկայացնի լրացուցիչ։

Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել է։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ ԱԱԾ-ականները նրան անկողնուց են հանում և տեղափոխում պատգարակի վրա: Դատական նիստի ժամանակ նա պատգարակով է եղել:

Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված 21 ընկերությունների գրասենյակներում ու մասնաճյուղերում գործողություններ են իրականացվել։ Դրանք կատարվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Leave a comment