ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, զրուցելու են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այց է իրականացվել քրեակատարողական հիմնարկ` ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ զրուցելու նպատակով։ Լուրը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։

Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փաստաբանական խումբը կադրեր հրապարակեց` նշելով, որ Խաչատրյանի բուժման համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, իսկ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Սեպտեմբերի 2-ին ՊԵԿ– նախկին նախագահը 2 ամսով կալանավորվեց։

«Պաշտպանի հանձնարարությամբ այս պահին այց է իրականացվում քրեակատարողական հիմնարկ՝ անձի հետ առանձնազրույց ունենալու և նրա իրավունքների ապահովմանն առնչվող հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով»,– ասված է Մանասյանի հայտարարության մեջ։

ՄԻՊ–ը հայտնել է նաև, որ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ, և հարցին առնչվող հիմնական հանգամանքները պարզելու նպատակով պարզաբանումներ են պահանջվում իրավասու մարմիններից։

«Այցի արդյունքների, ստացված պարզաբանումների և բոլոր հանգամանքների ուսումնասիրության ամբողջական ամփոփումից հետո հնարավոր կլինի ներկայացնել ՄԻՊ հաստատության դիրքորոշումը։ Պաշտպանի աշխատակազմը հրապարակման ենթակա տեղեկությունները կներկայացնի լրացուցիչ»,– եզրափակել է Մանասյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ՊԵԿ նախկին նախագահը քաղցկեղով է տառապում և բուժում է ստացել Գերմանիայում: Սակայն սեպտեմբերի 1-ին փաստաբանական խումը հայտնեց, որ դեռ 2015 թվականին Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք, փաստաբանների պնդմամբ, Հայաստանում չեն կիրառվում։

Sputnik Արմենիա

Leave a comment