Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան

Քաղաքականություն

01.09.2026 | 22:26

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն անցել է լավ, և կողմերը պայմանավորվել են անկեղծ ու կառուցողական երկխոսությունը շարունակել իր առաջիկա՝ Մոսկվա այցի ընթացքում։ Այս մասին Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով նաև հանդիպումից տեսանյութ։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չափազանց կարևոր են երկու երկրների համար, և դրանց պետք է վերաբերվել մեծ ուշադրությամբ։

«Պետք է արձանագրել, որ երկուստեք հարաբերությունները՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, երկու երկրների համար չափազանց կարևոր են, և մենք շատ խնամքով ենք վերաբերվում դրանց։ Ռուսաստանի Դաշնությունն էլ՝ նախագահ Պուտինի գլխավորությամբ, խնամքով է վերաբերվում, բայց նաև պետք է արձանագրել, որ նոր միջավայրում, նոր պայմաններում այդ հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտություն կա», – նշել է նա։

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հարաբերությունների վերաձևակերպման արդյունքում դրանք կդառնան ավելի լավը, կառուցողական, փոխշահավետ և ջերմ։

«Եվ այդ վերաձևակերպման արդյունքում, ես համոզված եմ, հարաբերությունները կլինեն ավելի լավ, ավելի կառուցողական, ավելի փոխշահավետ և ավելի ջերմ», – հավելել է վարչապետը։

Leave a comment