Չինաստանը պատրաստ է ամրապնդել փոխգործակցությունը ՇՀԿ–ի հետ Ուկրաինայի հարցում. Սի Ծինփին

Բաժանորդագրվել

Հակասություններն ու տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության և խորհրդակցությունների, իսկ ընդհանուր խնդիրները՝ հաղթահարվեն բազմակողմ համագործակցության միջոցով, ընդգծել է Սի Ծինփինը։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Չինաստանը կամրապնդի համագործակցությունն ու համակարգումը Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր պետությունների հետ Ուկրաինայի և այլ թեժ կետերի հարցում՝ ճգնաժամերի քաղաքական կարգավորման հասնելու համար։ Այս մասին Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որը նվիրված է կազմակերպության հիմնադրման 25-ամյակին, անցկացվում է Ղրղզստանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։

«Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և Աֆղանստանի նման միջազգային և տարածաշրջանային խնդրահարույց ոլորտներում Չինաստանը պատրաստ է ամրապնդել փոխգործակցությունն ու համակարգումը բոլոր կողմերի հետ, հավատարիմ մնալ համալիր մոտեցմանը՝ ուղղված ինչպես նման դրսևորումների, այնպես էլ արմատական ​​պատճառների վերացմանը, և առաջ մղել քաղաքական լուծումները», – հայտարարել է Չինաստանի առաջնորդը։

Նա նաև հավելել է, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ պահպանելու համար համագործակցության վրա հիմնված անվտանգության համընդհանուր, համապարփակ և կայուն հայեցակարգը, ինչպես նաև ՇՀԿ-ն դարձնելու անվտանգության ոլորտում գլոբալ նախաձեռնությունների իրականացման կարևոր հարթակ։

«Մենք պետք է հավատարիմ մնանք բոլոր երկրների հավասարության սկզբունքին՝ անկախ դրանց չափից, և աջակցենք տարածաշրջանային հարցերի վերաբերյալ համատեղ խորհրդակցությունների և քննարկումների սկզբունքը՝ ձգտելով փոխըմբռնման, բայց միևնույն ժամանակ պահպանելով տարբերությունները», – հայտարարել է Սի Ծինփինը։

Նա ընդգծել է, որ հակասություններն ու անհամաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության և խորհրդակցությունների, իսկ ընդհանուր խնդիրները՝ հաղթահարվեն բազմակողմ համագործակցության միջոցով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իր հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այսօր վարչապետ Փաշինյանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Leave a comment